Սեպտեմբերի 27․ աղետի շղթան, որ սկսվեց 2020-ին և հասավ Արցախի լիակատար հայրենազրկմանը

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հնչած առաջին արկերի պայթյունները մեկընդմիշտ փոխեցին հայոց պատմության ընթացքն ու մեր ժողովրդի ճակատագիրը։ Վեց տարի է անցել այն ողբերգական օրվանից, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ 44 օր շարունակ հայ զինվորը, սպան ու կամավորականը ցուցաբերեցին աննախադեպ հերոսություն, կենաց-մահու կռիվ տվեցին հայրենի հողի ամեն մի դույմի համար, սակայն ռազմաքաղաքական ղեկավարության անկազմակերպվածության, սխալ հաշվարկների և ի վերջո՝ պարտադրված կապիտուլյացիոն ընթացքի հետևանքով մեր պետականությունն ու ազգը կանգնեցին խորագույն աղետի առջև։

Այս վեց տարիների ընթացքում ամենաճչացող ու ամենացավոտ հարցերից մեկը մինչ օրս մնում է հանուն հայրենիքի ընկած մեր հերոսների ճշգրիտ թիվն ու նրանց անունները։ Հայաստանի գործող իշխանությունները մինչ օրս այդպես էլ չեն հրապարակել զոհվածների, անհետ կորածների ու գերեվարվածների ամբողջական, անվանական ցուցակները։ Փոխարենը հանրությունը շարունակաբար ականատես է լինում բարձրաստիճան պաշտոնյաների հակասական, իրարամերժ ու անպատասխանատու հայտարարություններին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը շրջանառում են 3833 զոհի մասին պաշտոնական վարկածը, Ալեն Սիմոնյանը տարբեր առիթներով հնչեցնում է այլ թվեր, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջերս բարձրաձայնեց 4800 զոհի մասին։ Դա հենց այն թիվն է, որի մասին պատերազմի ավարտից ի վեր անընդհատ խոսում էին ընդդիմադիր շրջանակները։ Սակայն Խաչատուրյանի հայտարարությունից անմիջապես հետո, իշխանական խիստ ճնշման տակ, նախագահի աշխատակազմը ստիպված եղավ հանդես գալ ներողողական պարզաբանմամբ և հետ կանչել հնչեցրած տվյալը։ Պաշտոնական այս անորոշությունը, թվերի հետ խաղալն ու անվանական ցանկերի թաքցնելը խորացնում են հարազատների անսփոփ ցավն ու զրկում հասարակությանը սեփական զինվորների հիշատակը արժանապատիվ խոնարհումով հարգելու հնարավորությունից։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումով պարտության ու հայրենազրկման շղթան չավարտվեց, այլ միայն սկիզբ առավ։ Դրան հաջորդեցին քաղաքական ու ռազմավարական այնպիսի զիջումներ, որոնք քայլ առ քայլ քանդեցին մեր անվտանգային համակարգը։ Առանց մի կրակոցի թշնամուն հանձնվեցին Քարվաճառն ու Ակնան, Կովսականը, Որոտանը, Ջրականը, Հադրութն ու հայոց բերդաքաղաք Շուշին։ Դրանից հետո իշխանության քաղաքական գիծը վերջնականապես թեքվեց դեպի միակողմանի զիջումներ․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի տարածք։ Այս որոշումը անցաթուղթ դարձավ Բաքվի համար՝ իրագործելու իր հեռահար նպատակները․ սկսվեց Արցախի 10-ամսյա դաժան ու անմարդկային շրջափակումը, որն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայով և Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ։ Հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախը դատարկվեց իր բնիկ տերերից, իսկ ավելի քան 100 հազար արցախահայ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը։

Ամենացնցողն ու ցինիկը, թերևս, իշխանական հռետորաբանության կտրուկ ու անհեթեթ փոփոխությունն է։ Նա, ով պատերազմից առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ պատերազմի օրերին ամբիոններից գոռում էր, թե կռվելու ենք մինչև վերջ, այսօր բոլորովին այլ տեքստեր է հրամցնում հանրությանը։ Այսօր իշխանական քարոզչամեքենան Արցախի անունը տալն անգամ փորձում է ներկայացնել որպես հանցագործություն կամ վտանգ պետականության համար։ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, թե Արցախը «կախված թոք էր մեր վզին», և իբր դրանից ազատվելով է Հայաստանը դարձել «ինքնիշխան»։ Վեց տարի անց 44-օրյա պատերազմի վերքերը ոչ միայն չեն սպիացել, այլև ավելի են խորացել․ մեր հասարակությունն ու պետականությունը ապրում են բարոյահոգեբանական ու քաղաքական ծանր ճգնաժամ, երբ հերոսությունն ու անձնազոհությունը փորձ է արվում փոխարինել մոռացությամբ, իսկ հայրենազրկումն ու պարտությունը ներկայացնել որպես «խաղաղություն»։

Նարինե Գաբրիելյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment