Քննարկվել են Սյունիքում սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող և մի շարք այլ հարցեր ու դրանց լուծման հնարավորությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում` ամփոփելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը։

Ամփոփվել են Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

Մասնավորապես՝ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանը, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված անձանց, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող և մի շարք այլ հարցեր ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման և աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Պաշտպանը կարևորել է մարզային այցելությունների շարունակական իրականացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց։ Ավելին՝ Սյունիքի մարզ կատարած նախորդ մարզային այցի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցեր արդեն իսկ ստացել են լուծումներ: Արձանագրված նոր խնդիրների լուծման ուղղությամբ ևս իրականացվելու է հետևողական աշխատանք:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment