ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի դեմ 13-րդ անընդմեջ գիշերային հարվածները, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, գրում է CNN-ը։
«CENTCOM-ը թիրախավորել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերը, կապի ցանցերը, ափամերձ հսկողության վայրերը և ծովային կարողությունները՝ Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի համար Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքը հետագայում նվազեցնելու համար»,- գրել է CENTCOM-ը X-ում։
Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուրբաթ առավոտյան Իրանի մի քանի շրջաններում հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։
Իրանական Press TV-ի հաղորդմամբ՝ չորս մահվան դեպք է գրանցվել Խուզեստան նահանգում, ըստ նահանգապետի՝ ԱՄՆ-ի կողմից Ահվազ քաղաքին հարվածի հետևանքով։ Մի քանի մարդ վիրավորվել է։ IRNA-ի հաղորդմամբ՝ Խուզեստանում հրթիռային հարվածներ են հասցվել նաև Անդիմեշկ և Օմիդիե քաղաքների մոտակայքում գտնվող վայրերին։
Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտավորապես 150 մղոն հեռավորության վրա գտնվող Մարկազի նահանգի Խոնդաբ քաղաքին երկու արկ է հարվածել, հայտնել է փոխնահանգապետը։
Արկ է հարվածել նաև Լորեստան նահանգի Խորամաբադ քաղաքին։ Իշխանությունները գնահատում են վնասը և հնարավոր մարդկային կորուստները։
Հորմոզգանում Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի վրա հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հաղորդում է IRIB պետական հեռուստաալիքը։
Իրանի զինված ուժերն էլ հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման նոր ալիք են սկսել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։ Հաղորդվում է, որ անօդաչուներ են օգտագործել Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում վառելիքի պահեստների, սարքավորումների պահեստների և զինվորականների բնակելի շենքերի թիրախավորման համար։
Հարվածներ են հասցվել նաև Հորդանանի Մուվաֆաք Սալթի/Ալ-Ազրաք բազայի ինքնաթիռների անգարներին, սպասարկման կենտրոններին և կացարաններին՝ նախազգուշացնելով, որ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կխաթարի տարածաշրջանային անվտանգությունն ու տնտեսական կայունությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի