Վերջին տարիներին մեր երկրում արդարությունն իր ճանապարհը կարծես սկսել է ավելի դժվար հարթել, միջազգային օղակներից գրեթե չկան արձագանքներ Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։ Արդարության հույսի շող կարող է դառնալ, ասենք, այն, որ ՄԱԿ-ը հետազոտման առարկա է դարձրել Սրբազան պայքարի «18 արդարների» գործը, այնտեղ մի շարք հակասություններ է հայտնաբերել և հարցեր ուղղել Հայաստանի կառավարությանը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ընդգծում է՝ աշխատանք տանելը շատ կարևոր հանգամանք է։ «Երբ տարբեր միջազգային կառույցներում, երկրներում մեր աղմուկը, ձայնը հասնում է, այնտեղից արձագանք է լինում։ Այդ երկրներում քաղաքական գործընթացները ներքևից վերև են, այսինքն՝ ներքևները վերևների վրա ազդեցության գործիքներ, խողովակներ ունեն։ Այդ պատճառով երբեք չպետք է անտեսենք այդ հանգամանքը։
Եթե այն, ինչ տեղի է ունենում այս իշխանությունների օրոք, տեղի ունենար նախկին ժամանակներում, շատ մեծ աղմուկ կլիներ։ Հիշում եմ, որ նախկին նախագահների ժամանակ, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ այցելում էին Հայաստան, գնում էին կալանավայրեր, հանդիպում մարդկանց, ովքեր համարվում էին քաղաքական դրդապատճառներով ազատազրկված կամ կալանավորված, նրանց պայմաններին էին ծանոթանում և այլն։ Իսկ այժմ այսքան քաղբանտարկյալներ կան, նրանք կալանավորված կամ ազատազրկված են անհեթեթ ու շինծու մեղադրանքներով, բայց նախկին արձագանքի տասը տոկոսը չենք տեսնում։
Բայց սա մեզ չպետք է վհատեցնի։ Օրինակ՝ Ավետիք Չալաբյանի դեպքով տեսանք Եվրոպական խորհրդարանի Patriots for Europe խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսի արձագանքը, Ուրսուլա ֆոն դեր Լայենին են նամակ գրել, այսինքն՝ այս պրոցեսն անպայման պետք է շարունակենք։ Բոլոր հասարակական, քաղաքական միավորները, որոնք տարբեր երկրներում ունեն գործընկեր կառույցներ, մեր հայրենակիցներն իրենց օրենսդիրներին, սենատորներին, պատգամավորներին պետք է դիմեն նամակներով, որպեսզի Հայաստանում տիրող այս խայտառակ վիճակը՝ կապված քաղբանտարկյալների հետ, համապատասխան ուշադրության արժանանա։ Աղմուկը միշտ ինչ-որ հետևանք ստեղծում է։ Ժողովրդական խոսքն ասում է՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Թեկուզ մեր կրակը թույլ է, մեր ուժերը չեն հերիքում բոց տալ, բայց թույլ կրակից էլ չպետք է հրաժարվենք, այլ պետք է ամեն անգամ մեր գործիքակազմը կատարելագործելով՝ աղմուկ բարձրացնենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: