1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական կայսրության կազմի մեջ:
1840թ. ապրիլի 10-ին ռուսաց կայսր Նիկոլայ I-ը ստորագրել է Հարավային Կովկասում վարչական և դատական բարեփոխումների մասին օրենքը: Համաձայն այդ օրենքի՝ Հարավային Կովկասը բաժանվել է Վրացա-Իմերեթական նահանգի և Կասպիական մարզի: Արցախն ընդգրկվել է Կասպիական մարզի մեջ:
Ռուսաց կայսր Ալեքսանդր II-ի 1867թ. դեկտեմբերի 9-ին ստորագրած օրենքով Անդրկովկասում իրականացվել է վարչատարածքային նոր բաժանում: Համաձայն նոր բաժանման՝ Անդրկովկասը բաժանվել է հինգ նահանգների՝ Քութայիսի, Թիֆլիսի, Ելիզավետպոլի, Բաքվի և Երևանի: Արցախն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի մեջ:
Տվյալ վիճակը պահպանվել է մինչև 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որի հետևանքով Ռուսաստանի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերում, այդ թվում նաև Արցախում, սկիզբ է առել անիշխանություն:
Արցախում կյանքը բնականոն հունի մեջ դնելու, իսկ ավելի լայն իմաստով իր հետագա ճակատագիրը տնօրինելու նպատակով՝ արցախահայությունը 1918թ. հուլիսի 22-ին` 108 տարի առաջ ճիշտ այս օրը, Շուշիում գտնվող Արցախի առաջին թեմակալ առաջնորդ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանի 1838թ. կառուցած Արցախի հայոց թեմական հոգևոր դպրոցի դահլիճում հրավիրել է իր առաջին Համագումարը:
Համագումարը կոալիցիոն սկզբունքով ընտրել է յոթ հոգուց բաղկացած Արցախի Ժողովրդական կառավարություն, որը պետք է կառավարեր երկիրը մինչև Արցախի միացումը 1918թ. մայիսի 28-ին իր անկախությունը հռչակած Հայաստանի Հանրապետությանը:
Ինչպես գրել է 1917-1920թթ. Արցախում ծավալված դեպքերի և իրադարձությունների ականատեսներից ու գլխավոր մասնակիցներից մեկը՝ 1918թ. հուլիսի 22-ից մինչև 1919թ. հունիսի 5-ն Արցախի ժողովրդական կառավարության առաջին նախագահ (այժմյան տերմինաբանությամբ՝ վարչապետ), միաժամանակ ներքին և արտաքին գործերի առաջին կառավարիչ (այժմյան տերմինաբանությամբ՝ ներքին և արտաքին գործերի նախարար) Եղիշե Իշխանյանը, ի թիվս մի շարք որոշումների, Համագումարը որոշել է նաև, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մաս ու թեև ստեղծված պայմանների հետևանքով Արցախը կտրված է Հայաստանի Հանրապետությունից, այնուամենայնիվ պետք է ամեն ինչ անել միանալու նրան:
Համագումարի ընդունած որոշումներից կարելի է եզրակացնել, որ մինչև Հայաստանի Հանրապետությանը միանալը, Արցախը հանդիսացել է անկախ քաղաքական միավոր: Այդ մասին, մասնավորաբար, վկայում է Վրաստանում Հայաստանի դիվանագիտական առաքելությանը կից տեղեկատվական բյուրոյի պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ նշված է.
«ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱՂ
Ղարաբաղը, չկամենալով մտել Ադրբեջանի պետական կազմի մեջ, հայտարարել է իրեն անկախ»:
Հաղորդագրությունը հրապարակվել է Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթում 1918թ. օգոստոսի 20-ին: Կից՝ թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.
Ինչպես հայտնում է 1918թ. հուլիսի 22-ից մինչև 1919թ. հունիսի 5-ն Արցախի ժողովրդական կառավարության զինվորական գործերի առաջին կառավարիչ (այժմյան տերմինաբանությամբ՝ պաշտպանության նախարար) Հարություն Թումյանը, 1918թ. հուլիսի 22-ին սկսված արցախահայության առաջին Համագումարն իր աշխատանքների ավարտին՝ հուլիսի 24-ին, միաձայն հաստատել է Արցախի Ժողովրդական կառավարության հռչակագիրը: Փաստաթղթում նորընտիր կառավարությունը, մասնավորապես, իր բարեկամական վերաբերմունքն արտահայտելով մյուս ազգերի նկատմամբ, ընդգծել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման կարևորությունը՝ նշելով, որ դա լինելու է իր գործունեության ելակետը:
Արցախի նորաստեղծ կառավարությունն Արցախի անբաժանելի մաս է հայտարարել Գանձակ գավառի ողջ լեռնային շրջանը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին:
Փաստորեն, ինչպես վկայում են պատմական-իրավական բնույթի փաստերն ու փաստաթղթերը, դեռևս 108 տարի առաջ արցախահայությունը, հիմնվելով միջազգային հիմնարար իրավունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, աներկբա կերպով հայտարարել է 1918թ. մայիսի 28-ին Օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից ստեղծված «Ադրբեջան» անունով կազմավորման հետ որևէ աղերս չունեցող իր պետական-իրավական անկախ կարգավիճակի մասին:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: