Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը. Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:


 


«Շատ կարևորում եմ, որ պետական բժշկական կենտրոնները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը՝ ունենալով և՛ մրցակցային, և՛ գործընկերային հարաբերություններ` ի շահ բուժառուի առողջության: Այս համատեքստում կարևոր է, որ մեր երկրում գործում է ծառայությունների մատուցման դիմաց հավասար փոխհատուցման մեթոդը»,- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն այցի ժամանակ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


 


Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացված բարեփոխումներին, նորագույն բուժսարքավորումներով վերազինման և բժշկական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրագործման ընթացքին։


 


 


Բժշկական կենտրոնի գլխավոր ձեռքբերումներից մեկը վերջերս այստեղ ներդրված ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համակարգն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել բարձր ճշգրտության, նվազագույն միջամտությամբ (մինիմալ ինվազիվ) վիրահատություններ: Դրանցից որոշները ապահովագրությամբ մասնակի փոխհատուցվում են:


 


Ռոբոտացված համակարգը վիրաբույժին տրամադրում է 3D բարձր կետայնությամբ տեսադաշտ և գործիքների առավելագույն ճկունություն` շնորհիվ 360 աստիճան պտտվող թևիկների։ Փոքր կտրվածքների շնորհիվ բուժառուները զգալիորեն քիչ ցավ են զգում և ավելի արագ են վերականգնվում:


 


Այս համակարգի շնորհիվ նվազագույնի է հասցված նաև հետվիրահատական բարդությունների հավանականությունը:


 


Այցի ընթացքում նախարարը շրջել է նաև նորոգված բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի և բուժառուների հետ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում ստեղծվել է հետվիրահատական վերակենդանացման ծառայություն, ներդրվել է հիբրիդ վիրահատարան։


 


 


Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել նաև ծննդատան նորացված բաժանմունքում, որտեղ առաջիկայում նախատեսվում է ծավալել արտամարմնային բեղմնավորման կենտրոն:


 


Նախարարը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ հարակից ծառայությունների համաչափ զարգացումը:


 


Խոսելով ապահովագրության մասին՝ նախարարը նշել է, որ փուլ առ փուլ ավելի շատ վիրահատություններ կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում:

Դիտումների քանակ4

Leave a comment