Samsung-ը ստեղծում է ռոբոտատեխնիկայի ստորաբաժանում

Հարավկորեական Samsung Electronics-ը ստեղծում է նոր ստորաբաժանում՝ ռոբոտատեխնիկայի ոլորտում մշակումներն ու դրանց առևտրայնացումը արագացնելու նպատակով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ռոբոտատեխնիկայի նոր ստորաբաժանումը կկրի RX (Robotics eXperience) անվանումը և անմիջականորեն կենթարկվի Samsung-ի գլխավոր գործադիր տնօրենին (CEO)։

Նոր ստորաբաժանումը պատասխանատու կլինի ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության մշակման, բիզնեսի զարգացման և առանցքային տեխնոլոգիաների ստեղծման համար։ Բացի այդ, այն կընդլայնի ընկերության հետազոտական ներուժը ինչպես Հարավային Կորեայում, այնպես էլ արտերկրում։

Ռոբոտատեխնիկայի ռազմավարության բաժինը կղեկավարի գործադիր փոխնախագահ Լի Դոն Գընը, որը նախկինում նույն գործառույթն էր իրականացնում Hyundai Motor-ում, այդ թվում՝ ընկերության դուստր Boston Dynamics-ի գործունեության ուղղությամբ։

Samsung-ը նաև նախատեսում է մասնագիտացված հետազոտական հաբեր ստեղծել ԱՄՆ-ում, Չինաստանում և Ճապոնիայում։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր հումանոիդ ռոբոտների մշակման մտադրության մասին, որոնք սկզբնական փուլում կկիրառվեն արտադրական գործընթացներում, իսկ հետագայում կներդրվեն նաև կենցաղային տեխնիկայի և մանրածախ առևտրի շուկաներում։ Ընկերությունը ակնկալում է այս ուղղությամբ առաջին շոշափելի արդյունքները ստանալ արդեն ընթացիկ տարում։

Leave a comment