Պետդումայի պատգամավոր․ Ափսոս, որ Ադրբեջանը դասեր չի քաղում Ուկրաինայի և Հայաստանի սխալներից

Ադրբեջանը որոշել է գնալ Հայաստանի ուղով, սակայն Ռուսաստանից հեռանալու և Եվրոպային մոտենալու քաղաքականությունը դեռևս ոչ ոքի հաջողություն չի բերել։ «Լենտա.ռու»-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն ձգտում է Գերմանիայի հետ ռազմավարական երկխոսություն սկսել, ինչը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի։ Նա նշել էր, որ ադրբեջանա-գերմանական հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային համագործակցությանը, խաղաղությանն ու կայունությանը։

«Բաքուն որոշել է գնալ Երևանի ուղով։ Նշեմ, որ Ռուսաստանից հեռանալու և Եվրոպային մոտենալու քաղաքականությունը դեռևս ոչ ոքի հաջողություն չի բերել։ Ընդհակառակը, ինչպես ցույց է տալիս փորձը, նման որոշումը հանգեցնում է տնտեսական և քաղաքական խնդիրների։ Հայաստանն արդեն քաղում է այն դժվարությունների պտուղները, որոնք առաջացել են Ռուսաստանի հետ հուսալի, ամուր և հեռանկարային կապերի խզման հետևանքով։ Ցավալի է, որ Ադրբեջանը դասեր չի քաղում Ուկրաինայի և Հայաստանի սխալներից»,- այս մասին ասել է Տոլմաչովը։

Խորհրդարանականն ընդգծել է, որ եվրոպական երկրների հետ գործընկերության մեջ «վատ բան չկա», սակայն խնդիրն այն է, որ «նոր բարեկամները» որպես գլխավոր պայման դնում են Ռուսաստանի հետ կապերի խզումը։

«Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական ասպեկտին, այլև մշակութային, հոգևոր ու պատմական կողմերին։ Երկրին ստիպում են հրաժարվել ընդհանուր անցյալից և Ռուսաստանի հետ արդյունավետ ապագայից։ Փոխարենը ստանում են կարճատև սիրաշահում և «եվրոպացի աղան» շոյում է նրա գլուխը։ Իսկ հետո սկսվում է իսկական խաղը՝ ըստ մշակված սցենարի։ Նրանք հարևան երկրին զրկում են Մոսկվայի հետ համագործակցությունից և թողնում առանց պաշտպանության ու աջակցության, ինչից հետո եվրոպացիներն ուտում են նրան, ինչպես շախմատի քարը»,- հավելել է Տոլմաչովը։

News.am

Leave a comment