Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ, ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների խումբը բողոքի ակցիա է իրականացրել։
Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները Ալիևին դիմավորել են «Բռնապետ» վանկարկումներով։
Ավելի վաղ լրագրող Աֆղան Մուխթարլին հայտնել էր, որ գերմանական ոստիկանությունը թույլ չի տվել ադրբեջանական քաղաքական էմիգրանտներին բողոքի ակցիա անցկացնել Ադրբեջանի նախագահի դեմ։
Նրա խոսքով՝ առավոտյան Գերմանիայի արտաքին գործերի նախարարության շենքը հսկող ոստիկանները պահանջել են հեռացնել շրջակայքում փակցված ադրբեջանցի քաղբանտարկյալների լուսանկարները։ Բացի այդ, շենքի մոտ է ուղարկվել շինարարական բրիգադ, ինչը վերանորոգման աշխատանքների տպավորություն է ստեղծել։ Դրանից հետո ակցիայի մասնակիցներին հեռացրել են Գերմանիայի ԱԳՆ շենքի հարակից տարածքից։
News.am