Ցուցմունք տված միակ անձի ներկայությունը դատարանում ապահովել հնարավոր չէր

Ներկայացվող քրեական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026թ մարտի 12ին հրապարակել է «Առուշանյանը և Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը՝ հաստատելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում։

Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել կամ Հայաստանի Հանրապետության կողմից հաշտության համաձայնությամբ կամ միակողմանիորեն ճանաչվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ»  ենթակետով նախատեսված Աշոտ Առուշանյանի  արդար դատաքննության իրավունքի խախտումը հանդիսացել է նոր հանգամանք և հիմք՝  բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Նույն հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները՝ հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները։

Օրեր առաջ՝ հուլիսի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վարույթ է ընդունել պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու և   թիվ ԵԿԴ/0169/01/12 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հունիսի 16-ի դատավճռի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թ. նոյեմբերի 28-ի  որոշման դեմ։

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը խնդրել է.

1․ Հարուցել բացառիկ վերանայման վարույթ։

2․ Մասնակիորեն,  Աշոտ Առուշանյանի մասով բեկանել թիվ ԵԿԴ/0169/01/12 քրեական գործով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16․06․2014թ․ դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 28․11․2014թ․ որոշումը, և գործը փոխանցել  համապատասխան ստորադաս դատարան՝ նոր դատաքննության։

Թիվ ԵԿԴ/0169/01/12 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հունիսի 16-ի դատավճռով Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 28․11․2014թ․ որոշմամբ դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ մերժելով պաշտպանների վերաքննիչ բողոքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 05․03․2015թ․ որոշմամբ մերժել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը։

«Առավոտը» բազմիցս անդրադարձել  է այս քրեական գործին՝ «Աշոտ Առուշանյանի գործով ՄԻԵԴ-ը հրապարակել է որոշումը» («Առավոտ» օրաթերթ 02.04.2026), HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի գործով ՄԻԵԴ-ը հարցեր է ուղարկել (մարտ 30,2018), «Ի պաշտպանություն Աշոտ Առուշանյանի՝ հացադուլ հայտարարած անձանց նամակը Սերժ Սարգսյանին» (փետրվար 04,2015), «Աշոտ Առուշանյանը քաղաքում չէր, HSBC բանկի տվյալները ո՞նց կհայտներ» (հուլիս 17,2013)…
Ըստ Ա. Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի՝ «Դատավճռով Աշոտ Առուշանյանի մեղքը ապացուցված է համարվել Արտաշես Գալուստյանի նախաքննական ցուցմունքով և առերես հարցաքննության արձանագրությամբ։ Ա. Գալուստյանի ցուցմունքը որոշիչ է եղել գործի ելքի համար, և քանի որ գործում բացակայում են դիմողի մեղավորությունը հաստատող այլ ապացույցներ, ուստի կարող ենք պնդել, որ Ա. Գալուստյանի ցուցմունքը եղել է վճռորոշ: Այնինչ, դատաքննության ժամանակ Աշոտ Առուշանյանի դեմ ցուցմունք տված միակ անձ Ա.Գալուստյանի ներկայությունը դատարանում ապահովել հնարավոր չէր՝ վերջինիս մահվան պատճառով, հետևապես ամբաստանյալը և պաշտպանը հնարավորություն չեն ունեցել դատաքննության ընթացքում՝ դատավճիռը կայացնող դատավորի ներկայությամբ, հարցաքննել նրան, որպիսի պայմաններում միակ վկայի նախաքննական ցուցմունքը չի կարող դրվել Աշոտ Առուշանյանի մեղադրանքի և դատավճռի հիմքում, քանի որ ամբաստանյալը չի ունեցել նրան հարցեր տալու հնարավորություն»։

Հիշեցնենք, որ այս գործով մինչ վկայի մահը եղել է առերես հարցաքննություն։

Ա.Գալուստյանի հետ նախաքննության ժամանակ տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ Ա.Առուշանյանի նախորդ պաշտպանը լքել է հարցաքննության սենյակը և դրա ավարտից հետո միայն եկել և այն ստորագրել է, որի արդյունքում խախտվել է նաև Ա. Առուշանյանի պաշտպանական իրավունքը։ Առկա է եղել  ոչ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու փաստը։

«Կասկածյալ, այժմ արդեն հանգուցյալ Արտաշես Գալուստյանը իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը և Աշոտ Առուշանյանը հանդիպել են և որի ժամանակ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա իբր նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության տնօրենի կողմից տեղափոխված գումարի և դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն: Նշյալ թերթիկում իբր նշվել էր ամենաքիչ գումարի՝ 10 միլիոնի, իսկ ամենաշատը՝ 200 միլիոնի մասին» («Աշոտ Առուշանյանը քաղաքում չէր, HSBC բանկի տվյալները ո՞նց կհայտներ», հուլիս 17,2013)։

«Առուշանյանը և Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի»  գործով ՄԻԵԴ վճռով Եվրոպական դատարանը փաստել է. «Նույնիսկ բաց թողնելով այն հարցը, թե արդյոք հիմնական վկաների չներկայանալու համար կային հիմնավոր պատճառներ, այն փաստը, որ դիմորդներին հնարավորություն չի տրվել խաչաձև հարցաքննել այդ վկաներին, մեծ նշանակություն ունի նրանց դեմ քրեական վարույթի ընդհանուր արդարության քննության ժամանակ: Իր տրամադրության տակ գտնվող նյութերում ոչինչ չկա, որը կենթադրեր, որ ազգային դատական մարմինները որևէ ջանք են գործադրել՝ դիմողների կողմից վկաների չստուգված ցուցմունքները որպես ապացույց ընդունելու պատճառով առաջացած դժվարությունները փոխհատուցելու համար, հակակշռող միջոցներ կիրառելու համար: Դատարանը պարտավոր էր հանգամանորեն ուսումնասիրելու դատական քննությունը՝ կիրառելով բավարար և հակակշռող գործոններ, այդ թվում՝ ձեռնարկելով այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան արդարացի և պատշաճ ձևով գնահատել Ա. Գալուստյանի ցուցմունքի հավաստիությունը՝ դրանք որպես ապացույց ճանաչելու համար: Սակայն դատարանը ոչ միայն չի փորձել գնահատել Աշոտ Առուշանյանի դեմ առկա միակ ապացույցի արժանահավատությունը՝ դրանում առկա հակասությունների վերհանմամբ և այն հերքող այլ փաստական տվյալների ուսումնասիրմամբ, այլև գնահատման առարկա չի դարձրել ամբաստանյալի մեղքը բացառող ապացույցները»:

Ասել է, թե քրեական գործի նյութերում առկա չի եղել որևէ ապացույց, որը որևէ կերպ հաստատեր Ա. Գալուստյանի ցուցմունքի բովանդակությունը, ինչպես նաև ամբաստանյալի մեղավորությունը նրան առաջադրված մեղադրանքում: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դատարանը չի իրականացրել արդար դատաքննություն:

Վճռաբեկ դատարան ուղարկած ՄԻԵԴ որոշման մեջ կար այսպիսի ձևակերպում. «Եթե դատապարտման համար միակ կամ վճռորոշ հիմք են չներկայացած վկաների ցուցմունքները, ապա դատարանը պետք է վարույթն առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկի: Պայմանավորված այն վտանգներով, որոնք կարող են առաջանալ այդ ցուցմունքները որպես ապացույց ճանաչելու հետևանքով, դրանք կարևոր գործոն կհամարվեն հավասարակշռության համար և անհրաժեշտ կլինեն դրանց հակակշռող բավարար գործոններ, այդ թվում՝ հուսալի դատավարական երաշխիքներ։ Ցանկացած դեպքում հարցն այն է, թե արդյոք առկա են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում՝ միջոցներ, որոնք թույլ կտան արդարացի և պատշաճ կերպով գնահատել այդ ցուցմունքների հավաստիությունը՝ դրանք որպես ապացույց ճանաչելու համար։ Սա թույլ կտա, որ անձին դատապարտելը հիմնված լինի այդ ցուցմունքների վրա միայն այն դեպքում, եթե դրանք բավականաչափ հավաստի լինեն՝  հաշվի առնելով գործի համար դրանց կարևորությունը»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment