Իրանի գլխավոր նպատակը Պարսից ծոցից ամերիկյան զորքերի դուրսբերումն է․ Նասեր Քանդիլ

Լիբանանցի քաղաքական գործիչ Նասեր Քանդիլի խոսքով՝ Իրանի վերջին հարվածների հիմնական նպատակը Պարսից ծոցի երկրներից ամերիկյան ռազմական ներկայության դուրսբերումն է։

Նրա գնահատմամբ՝ Թեհրանը ձգտում է տարածաշրջանի երկրների ղեկավարներին համոզել, որ իրենց իրական անվտանգությունը կախված է ոչ թե ամերիկյան ռազմաբազաների առկայությունից, այլ դրանց դուրսբերումից։

Քանդիլը նաև նշել է, որ ներկայիս հակամարտությունը կարող է ի վերջո հանգեցնել նման արդյունքի, և այդ թեմայով արդեն քննարկումներ են ընթանում։

Նրա խոսքով՝ Պարսից ծոցի երկրների կառավարությունների ներկայացուցիչներից բազմիցս լսել է կարծիք, թե ամերիկյան ռազմաբազաները բավարար անվտանգության երաշխիքներ չեն ապահովում։ «Ի՞նչ օգուտ են մեզ տալիս այդ բազաները։ Մենք պաշտպանում ենք դրանք, բայց դրանք մեզ չեն պաշտպանում»,– մեջբերել է նա տարածաշրջանի պաշտոնյաների խոսքերը։

Լիբանանցի քաղաքական գործիչը պնդել է, որ այս հայտարարությունները վկայում են տարածաշրջանի երկրների ղեկավարության մոտեցումների փոփոխության մասին՝ ԱՄՆ ռազմական ներկայության հարցում։ Նրա խոսքով՝ այս թեման ապագայում կքննարկվի Իրանի հետ, և վերջնական լուծումը հնարավոր կլինի գտնել երկխոսության և փոխըմբռնման ճանապարհով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment