Թուրքիան ստացել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ նոր կարգավիճակը կարևոր քայլ է երկրի դերակատարությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամրապնդելու ուղղությամբ։
«Այս զարգացումը չափազանց կարևոր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր ազդեցությունն ուժեղացնելու համար»,– հայտարարել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ նոր կարգավիճակը հնարավորություն կտա Անկարային խորացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ։ ԱՍԵԱՆ-ը միավորում է շուրջ 700 միլիոն բնակչություն ունեցող պետություններ, իսկ միավորման համախառն տնտեսության ծավալը գերազանցում է 4 տրիլիոն դոլարը։