Pokémon-ի հավաքածու-քարտերը մանկական հոբբիից վերածվել են ակտիվների լուրջ դասի, հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով դիլերներին, վերլուծաբաններին և առևտրային հարթակների տվյալները։
Առանձին հազվագյուտ նմուշները վաճառվում են միլիոնավոր դոլարներով, իսկ քարտերի շուկան, որը պարբերականը բնութագրում է որպես «խելագարված», գնահատվում է միլիարդավոր դոլարներ։
Թերթը որպես օրինակ ներկայացնում է 34-ամյա բրիտանացի Ջորդան Դանի պատմությունը։ 2025 թվականին նա թողել է Չեսթերի իրավաբանական ընկերությունում տվյալների վերլուծաբանի աշխատանքը, քանի որ իր հոբբին սկսել էր ավելի շատ եկամուտ բերել, քան հիմնական աշխատանքը։ Ըստ նրա՝ ինքը տարեկան 70 հազար ֆունտ եկամտից անցել է բազմամիլիոնանոց բիզնեսի կառավարման:
«Վերջին 12 ամիսների ընթացքում շուկան խելագարվել է։ Շատ բանկիրներ, ներդրողներ, իրավաբաններ և կրիպտոարժույթների սիրահարներ են մտնում շուկա, և նրանք պարզապես փորձում են ձեռք բերել ցանկացած բան՝ անկախ գնից», – ասել է Դանը։
eBay-ի հավաքածու-իրերի ուղղության գլոբալ ղեկավար Ադամ Այրլենդն իր հերթին նշել է «որոշակի երկակի էֆեկտ»։
«Մարդիկ տեսնում են իրեր, որոնք հիշեցնում են իրենց երիտասարդությունը։ Միաժամանակ նրանք այժմ ունեն ազատ միջոցներ», – նրա խոսքով՝ նման գումարներ ծախսում է ոչ թե նա, ով պարզապես ցանկանում է ընկերների հետ խաղալ, այլ նա, ով քարտերը դիտարկում է որպես «ակտիվների նշանակալի դաս»։
Հավաքածու-քարտերի Cardfolio հարթակի համահիմնադիր Օզ Քարան հայտարարել է, որ քարտերի շուկան «երկփեղկվել է»։ Նրա խոսքով՝ ժամանակակից քարտերի դեպքում չկան օրենքներ կամ կանոններ, որոնք կխանգարեին The Pokémon Company-ին դրանք կրկին տպագրել, մինչդեռ վինտաժային քարտերն իսկապես հազվադեպ են։ Ինչպես գրում է FT-ն, 2002 թվականի Legendary Collection շարքի Pikachu-ի մեկ տարբերակի ընդամենը 35 օրինակ է ստացել PSA 10 գնահատական։ PSA 10 գնահատականով քարտի արժեքը կազմում է մոտ 250 հազար ֆունտ, մինչդեռ մեկ միավորով ցածր՝ PSA 9 գնահատականով քարտն արժե մոտ 15 հազար է։
Թերթի նշմամբ՝ հավաքածու-քարտերի բումը գերծանրաբեռնել է դրանց գնահատման ծառայությունները․ օգոստոսին PSA-ը մշակել է ավելի քան 1.3 մլն Pokémon քարտ՝ տասն անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ամսին։ Աճել է նաև հավաքածու-քարտերի շուկայի լսարանը․ Բրիտանիայում անցկացվող Card Con միջոցառման այցելուների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 10 հազարի։ Գնորդներն իրենց հետ բերում էին կանխիկ գումարով փակված արկղեր, իսկ մի քանի առևտրականներ, գողերի մտավախությունից ելնելով, հրաժարվել են հայտնել իրենց անունները, գրում է թերթը։
Փետրվարին South China Morning Post-ը հայտնել էր, որ Pokémon-ի հազվագյուտ Pikachu Illustrator քարտը, որը նախկինում պատկանել է ամերիկացի բլոգեր Լոգան Փոլին, վաճառվել է 16.5 մլն դոլարով։ Լոտի արժեքը ռեկորդ է սահմանել՝ դառնալով աճուրդում վաճառված ամենաթանկ քարտն աշխարհում։
Ապրիլին BBC-ն գրել էր, որ բրիտանացի Էնդրյու Բրաունդը կարողացել է վճարել իր հարսանիքի ծախսերը՝ վաճառելով Pokémon-ի երեք քարտ։ Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 32.8 հազար ֆունտ։ Բրաունդը Pokémon-ի քարտեր էր հավաքում 8-15 տարեկանում։ Մի քանի տարի առաջ, երբ ընտանիքը տեղափոխվում էր, ծնողները նրան խնդրել էին դասավորել իրերը։ Այդպես նա կրկին գտել էր ձեղնահարկում պահված իր հավաքածուն, որի մեջ հազվագյուտ քարտեր էին եղել։