«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը Տիգրանաշենում նախատեսում է հիմնել զբոսաշրջային կենտրոն, որը նոր շունչ կհաղորդի համայնքին և կապահովի բարձր վարձատրվող աշխատատեղեր։

«Հենց այս տեսլականով «Ուժեղ Հայաստանը»՝ առաջնորդությամբ Սամվել Կարապետյանի, մեր խմբակցությունը՝ գլխավորությամբ պարոն Նարեկ Կարապետյանի, նախատեսում է Տիգրանաշենում ստեղծել զբոսաշրջային կենտրոն, որը նոր շունչ կհաղորդի համայնքին։ Այդ ծրագիրը Տիգրանաշենին կտա նոր և լավ վարձատրվող աշխատատեղեր՝ հնարավորություն ստեղծելով, որ դուք և ձեր երեխաները, սիրելի՛ տիգրանաշենցիներ, կարողանաք ապագա կառուցել հենց ձեր հայրենի համայնքում», – ընդգծեց պատգամավորը։

Միրզոյանի խոսքով՝ իրենք պատրաստ են զարգացնել Տիգրանաշենի ենթակառուցվածքները՝ բարեկարգ ճանապարհներ, նոր ծառայություններ, խանութներ, աշխատուժ, քանի որ հավատում են համայնքի ներուժին։

«Սիրելի՛ տիգրանաշենցիներ, դուք հարավային դարպասի պահապաններն եք և, բնականաբար, ոչ թե զենքով՝ որպես զինվորներ, այլ ձեր աշխատանքով՝ Տիգրանաշենը զարգացնելով։ Մենք ուզում ենք, որ բնակավայրը պատմության մեջ մնա հայկական համայնք, որը զարգացավ և դարձավ Հայաստանի հարավային ուղղության կարևոր կենտրոններից մեկը»,- ասաց նա։

Պատգամավորը միաժամանակ զուգահեռներ անցկացրեց Շուռնուխի և Տիգրանաշենի միջև՝ նշելով, որ գործող իշխանության օրոք Շուռնուխի մի հատվածն անցել է Ադրբեջանին։ Նա անդրադարձավ Մ2 միջպետական մայրուղու կարևորությանը, որի վրա է գտնվում նաև Տիգրանաշենը, և շեշտեց, որ Հայաստանի հարավը մայրաքաղաքին կապող այս ճանապարհի անվտանգությունն ազգային անվտանգության հարց է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment