Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրավերով այս օրերին Մոսկվայում գտնվող Ղպտի եկեղեցու պատվիրակությունը հուլիսի 21-ին եղբայրական այցով այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի։
Պատվիրակության կազմում էին Երուսաղեմի և Մերձավոր Արևելքի մետրոպոլիտ Անտոնիոսը, Ղպտի եկեղեցու Սուրբ Սինոդի մշտական անդամ և Սուրբ Երկրում Ղպտի պատրիարքի տեղապահ, երոմոնախ Անտոնիոս ալ-Օրշալեմին, սարկավագ Ուիլյամ Ֆուադը, Ռուս ուղղափառ եկեղեցու վանքերի և վանականության հարցերով Սինոդական բաժնի կոլեգիայի անդամ, արքիմանդրիտ Վարդուղիմեոսը (Պետրով), Սրետենսկի ստավրոպիգիալ տղամարդկանց վանքի իերոդյակոն Վասիլի Նեմեցը, ինչպես նաև Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի աշխատակից Սերգեյ Ալֆերովը։
Պատվիրակությանը Սուրբ Պայծառակերպության մայր տաճարի մոտ դիմավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Ողջույնի խոսքից հետո պատվիրակության անդամները նրա առաջնորդությամբ տաճարում միասնական աղոթք են հնչեցրել, այնուհետև այցելել են «Տապան» թանգարան։
Եզրաս Սրբազանը հյուրերին ներկայացրել է թեմի հոգևոր, կրթական և մշակութային գործունեությունը։ Հատուկ ուշադրություն հրավիրելով թանգարանում ներկայացված Ղպտի եկեղեցու ծիսական առարկաների և սրբությունների վրա՝ նա նշել է․
«Դարերի ընթացքում մեր երկու քույր եկեղեցիները պատմության միջով անցել են Եկեղեցու հավատքով միավորված, և Ձեր այսօրվա այցը նաև մեր հավատարմության և եղբայրության վկայությունն է։ Մենք մեր երախտագիտությունն ու սերն ենք հայտնում Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին և նրա բարեպաշտ հավատացյալներին և հայտարարում ենք, որ պատրաստ ենք միասին հաղթահարել դժվարությունները, հալածանքներն ու ժամանակակից մարտահրավերները»։
Թանգարանում հյուրերը հետաքրքրությամբ դիտել են Արցախի բնակավայրերի քարտեզ-մակետը, որտեղ հայերեն և ռուսերեն ներկայացված են հայկական տեղանուններն ու եկեղեցիները, որոնք այսօր ենթարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից անխնա ոչնչացման։
«Մենք աղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար, խնդրում ենք Տիրոջը խաղաղություն պարգևել այս օրհնյալ երկրին։ Աղոթում ենք նաև կալանքի տակ գտնվող արքեպիսկոպոսների համար և խաղաղության աղոթքներ ենք բարձրացնում։ Մենք աղոթում ենք, որպեսզի քրիստոնյաներն այլևս չենթարկվեն հալածանքների», — ընդգծել է մետրոպոլիտ Անտոնիոսը։
Խոսելով եկեղեցական համալիր այցից ստացած տպավորությունների մասին՝ մետրոպոլիտը մեզ հետ զրույցում նշել է․
«Ես խորապես տպավորված և հիացած եմ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի գեղեցկությամբ, ճարտարապետությամբ և վեհությամբ։ Հիացմունք է առաջացնում Եզրաս սրբազանի հսկայական աշխատանքը, որը համեմատաբար կարճ ժամանակում կարողացավ կառուցել այս մայր տաճարն ու վեհաշուք եկեղեցական համալիրը, որը դարձել է Ռուսաստանի հայերի հոգևոր կյանքի կենտրոնը։
Սա ևս մեկ անգամ վկայում է, որ սրբազանն ամբողջությամբ նվիրել է իրեն Աստծուն ծառայելուն, և որ Սուրբ Հոգին գործում է նրա միջոցով։ Այս ամենը կառուցվել է մարդկային հոգիների փրկության համար»։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հուշանվերների փոխանակում։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: