Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատմել է, թե ինչպես է դուրս եկել վարչական համալիրի փլատակներից՝ պատերազմի առաջին օրը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածից հետո, որի հետևանքով զոհվել էր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Նա ասել է, որ ողջ է մնացել մայրաքաղաք Թեհրանում մեքենայով անընդհատ տեղաշարժվելու շնորհիվ, գրում է The Guardian-ը։
Իրանցի լրագրող Ջավադ Մոգուհուի հետ հարցազրույցում Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելն ունեն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի վերաբերյալ ճշգրիտ հետախուզական տվյալներ, ինչը թույլ է տալիս թիրախավորել երկրի ղեկավարությանը։
Նա ասել է, որ չի հանդիպել երկրի նոր առաջնորդի՝ Խամենեիի որդու՝ Մոջթաբայի հետ, սակայն նշել է, որ իր նշանակումը «շատ կարևոր ազդանշան է աշխարհին, որ իշխանության քաղաքականությունն ու իդեալները կշարունակվեն»:
Արաղչին շեշտել է, որ Իրանը նույնիսկ հաջողության փոքր հավանականության դեպքում անհրաժեշտ է համարել շարունակել Վաշինգտոնի հետ բանակցությունները, որպեսզի աշխարհին ցույց տա՝ նախընտրում է ճգնաժամի դիվանագիտական լուծումը։ «Ոչ ոք չի կարող ասել, որ պատերազմը մեր մեղքով է սկսվել», -ընդգծել է նա։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը մինչև ռազմական գործողությունների մեկնարկը ԱՄՆ-ին ներկայացրել էր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի առաջարկ, սակայն Վաշինգտոնի դիրքորոշումը կտրուկ փոխվել էր։ Նրա խոսքով՝ առաջին հարվածները հասցվել են այն պահին, երբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցություն էին անցկացնում, ինչը, ըստ Արաղչիի, վկայում է անվտանգության համակարգում հնարավոր լուրջ բացերի մասին։