«Թոխմախի Մհերի» վերաբերյալ քրեական գործը վերաբացվել է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) դեմ հարուցված քրեական գործը կրկին ընթացքի մեջ է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Նշվում է, որ քրեական գործը 2021 թվականի հունվարի 13-ից գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։ Չորս տարի տևած դատաքննությունից հետո՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դատական նիստում, դատարանը որոշել էր նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, ինչի հետևանքով գործի քննությունը փաստացի կասեցվել էր մինչև եզրակացության ստացումը։

«Գործը շուրջ 5 տարի քննվում է դատարանում, իսկ քննությունը կասեցված էր, քանի որ 2024 թվականին դատարանի որոշմամբ նշանակվել էր դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Այժմ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, ինչից հետո դատարանը վերաբացել է գործի քննությունը»,- գրում է թերթը:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008 թվականներին զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Թերթը նաև հիշեցրել է, որ վերջին շրջանում Սեդրակյանի ընտանիքի անունը կրկին շոշափվել է, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում անհատույց օգտագործման իրավունքով Երևանում 36 շտաբային տարածք էր տրամադրվել:

«Ինչ ծառայության դիմաց՝ թերևս հասկանալի է, քանի որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, խոշոր գործարար է, շինարարական բիզնեսներ ունի և օրվա իշխանության հետ պահում է փայլուն հարաբերություններ։ Էրեբունի վարչական շրջանում ՔՊ-ի նախընտրական շտաբը գործել է Սասունցի Դավիթ 76/4 հասցեում, և այն կուսակցությանը անվճար օգտագործման իրավունքով տրամադրել էր Արտակ Գևորգյանը, որի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը, ներգրավված է Մհեր Սեդրակյանին և նրա որդուն պատկանող մի շարք ընկերություններում։ Նրա անվամբ գրանցված է Սեդրակյանների «Դռագսման» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերության 19 տոկոս բաժնեմասը։ Գևորգյանը նաև նախկինում բաժնետեր է եղել Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բեստ ֆրենդս» ընկերությունում, որը զբաղվում է պեռլիտի փոշու, չոր շաղախների և պլաստմասե խողովակների արտադրությամբ»,- հայտնում է թերթը:

Լրատվամիջոցը գրում է նաև, որ Մհեր Սեդրակյանին և նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դատախազությունը 2024 թվականին այս երկու ընկերությունների բաժնեմասերը ևս ներառել է որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։

Sputnik Արմենիա

Leave a comment