«Այսօր ունենք լիովին ձևավորված բռնապետություն, որն իր քննադատների «բերանները փորձում է փակել»։ Դա այն է, ինչ Անդրանիկ Թևանյանի հետ է կատարվում, ինչ Արեգնազ Մանուկյանի հետ է կատարվում, Ավետիք Չալաբյանի և այլն։ Բոլոր նրանք, ովքեր քննադատում են, հայտնվում են այս իրավիճակում»,- քաղբանտարկյալների խնդիրներով դատարանի բակում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողներից Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ իր ոչ լեգիտիմ էությունն այսպիսով իշխանությունը փորձում է լեգիտիմացնել։
Դատարանն այսօր քննում էր «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացնելու հարցը։ Դատարանի բակում ներկա Անդրանիկ Թևանյանի համակիրները առանձնակի սպասելիքներ չունեն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գտնում է, որ Արեգնազ Մանուկյանի հետ կատարվածը նրա համար էր, որպեսզի Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացնեն։ Կալանքը, նրա համոզմամբ, ևս Հայաստանում դարձել է պատժի միջոց․ «Վերջին՝ հունիսի 7-ի կեղծված ընտրություններով թավշյա հեղափոխության ժամանակաշրջանն ավարտվեց, և մենք վերադարձանք հին շրջանին՝ առանց նախկին ձեռքբերումների՝ առանց Արցախի, անվտանգության խնդիրների, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների, ժողովրդավարական տարրերի, որոնք կային»։
Այն, ինչ կատարվում է այժմ Հայաստանում, մեկ նպատակ ունի՝ վախի մթնոլորտ ստեղծելու։ Իր գնահատմամբ՝ հարևան Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ այս ժամանակաշրջանն էլ է անցնելու, և այս ամենից մարդիկ ավելի ռիսկով են դուրս գալու ու պայքարելու են փողոցում։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արամ Մանվելյանն էլ գտնում է, որ Հայաստանում կատարվողը իշխանության վախերն է ի ցույց դնում։ Ասում է՝ եթե իրենք համոզված լինեին, որ ընտրություններում հաղթել են, ռեպրեսիվ մեքենան չէին գործարկի և ամեն առավոտ խուզարկություններով չէին սկսի։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի դիտարկումներով՝ այսօր շատերի մոտ մտայնություն կա՝ «մեր քաղբանտարկյալ», «ձեր քաղբանտարկյալ» հասկացությունը, բայց քաղբանտարկյալները մերն են՝ բոլորինս․ «Եթե Սահմանադրությունը չի գործում, խախտվում է, բնականաբար, դա վերաբերում է բոլորին։ Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի»։
Միավորման, նաև ճշմարտությունները բացահայտելու համար, տարբեր քաղաքական հոսանքների և ճաշակների մարդիկ միավորվել են մեկ միավորում՝ «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով» հանձնաժողովում։
«Հայաստանի հանրությանը, միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին պետք է ցույց տալ, թե ինչ մասշտաբի անօրինականություններ են Հայաստանում կատարվում։ Ոչ ոք չգիտի, թե քանի՞ հազար, միգուցե հարյուր հազար բնակարան է խուզարկվել առավոտյան շուտ, ընտանիքի անդամների ներկայությամբ, երեխաներին ահաբեկելով։ Խոսքը հարյուր հազարավոր տուժածների մասին է, և այդ ամենն արվում է ահաբեկման մթնոլորտ ստեղծելու համար։
Ոչ ոք չգիտի, թե որքան մարդ է ձերբակալվել ընտրությունների ժամանակ, որքա՞ն մարդ է հիմա գտնվում բանտերում՝ տարբեր հոդվածներով, որքա՞ն մարդ է աշխատանքից ազատվել՝ իրենց քաղաքական հայացքների պատճառով»,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի խնդիրն է վիճակագրությունը վեր հանել, քանակական և որակական վերլուծություններ անել, հանրայնացնել ամենը։
Ստեփան Դանիելյանը կարծում է, որ մենք մի քանի ամիս անց կզգանք, թե ինչ տնտեսական կրախի առջև ենք կանգնել, որովհետև այսօր ակնհայտ է, որ նաև սեփականության իրավունքը մեր երկրում չի գործում։
Սրան կգումարվի նաև արտաքին քաղաքականությունը՝ անհեթեթություններով լի, և պատկերը «կամբողջանա»․ «Բերեցին, ԵՄ-ին անդամակցության օրենք ընդունեցին․ ինչի՞ համար էր այդ օրենքը, երբ և ԵՄ-ի հետ էինք լավ, և ԵԱՏՄ-ի, և ԱՄՆ-ի, և Իրանի։ Համագործակցում էինք բոլորի հետ և օգուտներ էինք ստանում։ Ինչի՞ համար Հայաստանը մտցրեցին այդ ծուղակի մեջ, և անիմաստ տեղը շատ բան կորցնում ենք»։
Վերջնական նպատակը, ըստ նրա, նոր քաղաքական օրակարգի ստեղծումն է՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Հայտարարում է՝ այս իշխանությունը, որը տապալել է սահմանադրական կարգը, իրավունք չունի սահմանադրական օրենքներ փոխել, Սահմանադրության փոփոխություն նախաձեռնել, Հայաստանի տարածքների հետ կապված փաստաթղթեր ստորագրել․ «Սա մենք հասցնելու ենք բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, միջազգային կառույցներին, իրավապաշտպան կառույցներին։ Բոլորի աչքերը բացելու ենք ու ցույց տանք, որ մարդու իրավունքների տակ գործող ԵՄ-ն Հայաստանում ոչնչացնում է ժողովրդավարությունը, իրավական կարգը, հայ ժողովրդին օգտագործում է աշխարհաքաղաքական նպատակների համար»։
Նա հավելում է՝ մեկ Եվրոպա և մեկ Արևմուտք, մեկ ԱՄՆ չկա, այդ կառույցներն իրենք են տրոհվում, և անակնկալներ կարող են լինել առաջիկա ընտրություններում։ Ուստի պետք է աշխատել այն ուժերի հետ, որոնք արժեքների կրողներ են։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: