2026 թ. բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12.720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10.587-ը՝ վճարովի։ Բուհ է ընդունվել 9 620 դիմորդ, որից անվճար հիմունքներով՝ 1 875-ը, վճարովի՝ 7 799-ը։ Ավանդաբար բնագիտական եւ հումանիտար մասնագիտությունների գծով բուհ ընդունվածների թիվը զգալիորեն քիչ է լինում: Այս տարին եւս բացառություն չէ: Օրինակ, այս տարի աշխարհագրություն ուսումնասիրելու համար ԵՊՀ է ընդունվել ընդամենը 4 ուսանող: Փոքրաթիվ են նաեւ արվեստաբանություն, սոցիալական մանկավարժություն, քարտեզագրություն և կադաստրային գործ, ադրբեջանագիտություն, իրանագիտություն ուսումնասիրել ցանկացողները։
«Սա մի կողմից ցույց է տալիս մեր կառավարության քաղաքականության սնանկությունը, նպատակ, տեսլական չունենալը, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ: Մյուս կողմից ցույց է տալիս մեր դիմորդների պրագմատիզմը, որ նրանք գիտեն, թե ուր են գնում, որպեսզի դրանից հետո ապահովված լինեն աշխատանքով»,- Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Ընդհանուր առմամբ, բարձրագույն կրթություն չստանալու միտումը շարունակվում է: 2021-2026 թթ. ընդունվածների թիվը 17200-ից նվազել է մինչեւ 9620»:
Մեր դիտարկմանը՝ գուցե ոմանք նախընտրում են միջին մասնագիտական կրթությունը, Ատոմ Մխիթարյանն այսպես արձագանքեց. «Մի մասը նախընտրում է միջին մասնագիտական կրթությունը, մի մասն էլ արագացված կուրսերի է գնում գործատուի մոտ, հետո անցում է աշխատանքի՝ համարելով, որ բարձրագույն կրթությունը ժամանակի կորուստ է»:
Կրթության փորձագետի ձեւակերպմամբ. «Մենք անընդհատ արձանագրում ենք այս իրավիճակը, բայց առաջարկներ չենք տալիս: Իսկ առաջարկները հետեւյալն են՝ դեմքով շուռ գալ դեպի կրթական համակարգ: Դա նշանակում է այդ ուղղությամբ պետական քաղաքականության փոխում եւ ֆինանսավորման բարձրացում: Իրենց հարգող պետությունները ՀՆԱ-ից կրթության ոլորտին 2 անգամ ավելի շատ միջոցներ են հատկացնում, քան Հայաստանը: Իսկ դրանով ամեն ինչ որոշվում է: Այսինքն, հարկավոր է պետական բյուջեից ֆինանսավորումը մեծացնել, ընդունելության կարգն էլ վերջապես փոխել:
«Մենք Խորհրդային պետությունում չենք, որտեղ պլանային տնտեսություն կար, պետք է պլանավորեին, թե որքան մասնագետ որտեղից պետք է ունենան, որ պետությունը հետո նրանց ներուժն օգտագործի: Այդ մոտեցումից պետք է հրաժարվել, ընդունելությունն էլ թողնել բուհերին: Բուհերն էլ սերտորեն պետք է աշխատեն գործատուների հետ, որովհետեւ մասնագետ պատրաստում են գործատուների, Հայաստանի տնտեսության համար:
Իսկ պետության գործառույթը պետք է լինի միայն իրեն հետաքրքրող հեռանկարային մասնագիտություններում սովորող ուսանողներին կրթաթոշակ տալը, ինչպես արեւմտյան երկրներում է: Դու ընդունվում ես բուհ, հետո պետությունն ասում է, օրինակ, դու քիմիայի գծով ընդունվել ես ԵՊՀ, ես շատ կարեւորում եմ քիմիկոսներին, որ պետք է Հայաստանում քիմիական արդյունաբերությունը զարգացնեն, հետեւաբար 20 քիմիկոսի տալիս եմ կրթաթոշակ՝ անվճար սովորելու:
Պետությունը վճարում է, նրանք պայմանով սովորում են, որ դրանից հետո աշխատեն կոնկրետ ոլորտներում, այդ թվում՝ պետական ձեռնարկություններում: Հայաստանում, սակայն, պետությունը ձեռքերը լվանում է այն պահին, երբ ուսանողն ավարտում է բուհը: Պետությունը ոչ մի կապ չի պահում այդ ուսանողի հետ, ստացվում է, որ պետությունը անվճար տեղեր տալով, այսինքն՝ ֆինանսավորելով այդ տեղերը բուհերում, փողը պետական բյուջեից վերցնում եւ լցնում է ջուրը, որովհետեւ ավարտող ուսանողը ավարտելուց հետո կարող է գնալ արտասահման կամ ոլորտը փոխել: Ստացվում է, որ այդ 4-6 տարվա վճարը, որ պետությունը վճարել է ուսանողի փոխարեն, լցրեց ջուրը»,- պարզաբանեց Ատոմ Մխիթարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: