«Քաղաքական հաշվեհարդարի հետևանքները իրավական հանգուցալուծում չեն կարող ունենալ։ Իրավունքի և օրենքի մասին որևէ խոսք չկա»,-Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանին բերել էին Քննչական կոմիտե։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը նշել էր, որ իրենց ծանուցվել է՝ լրացուցիչ հարցաքննություն է տեղի ունենալու։
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ բոլոր ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիք․ «Մեկ մարդու քմահաճույքով մարդիկ են կալանավորվում, մարդկանց մեղադրանքներ են առաջադրում։ Այս տիպի երկրներում բոլոր հանգամանքները քաղաքական են»։
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի հետ կապված այս գործընթացները ՀՀ-ի տնտեսական վարկանիշի տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կունենան, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց․ «Ամբողջ մեկ տարվա ընթացքում երկու համակարգաստեղծ ձեռնարկությունները բանդիտական ձևով խլվում են, ի՞նչ ներդրումային միջավայրի մասին է խոսքը։ Հո խելագար չե՞ն ներդրողները, գան, մի երկրում ներդրում անեն, որտեղ մի մոլագար որոշում է ամեն ինչ»։
Հարցին՝ ներդրումների բևե՞ռն են փոխում, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց․ «Ներդրում չեն ապահովում, բայց ակնհայտորեն ինչ-որ տրամաբանություն գոյություն ունի, կարծես թե տնտեսության կառուցվածքն են ուզում փոխել կամ սեփականության վերաբաժանման միջոցով լոյալ սեփականատերերի համակարգ են ստեղծում»։
Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: