Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի մի շարք դրույթներ։
Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալները, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների իրականացման նպատակով ընտրված «Դեկոն Ինթերնեյշնել» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ինգո Թյովսը, ընկերության ղեկավարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ֆինանսական մասնագետ Հասմիկ Հովսեփյանը։
Անկախ տեխնիկական աուդիտի միջոցով հնարավոր կլինի առավել համապարփակ գնահատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը սահմանված կատարողական ցուցանիշներին։
Գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են՝
մատակարարվող ջրի որակը,
ջրամատակարարման շարունակականությունը,
չհաշվառվող ջրի մակարդակը,
բաժանորդների գոհունակության մակարդակը։
Վերջինիս գնահատման նպատակով տեխնիկական աուդիտի շրջանակում, ի թիվս այլ գործառույթների, նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։
Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։
Ջրային կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: