Հայաստանի տարածքում հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
Չնայած տեղումների բացակայությանը՝ օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին հնարավոր է ցրտահարություն՝ −3…−4°C: Մասնագետները ֆերմերներին հորդորում են ակտիվորեն իրականացնել բերքահավաքը:
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաք Երևանում կհասնի +21…+23 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +14…+16 աստիճան:
Մարզերում ցերեկային ջերմաստիճանը Շիրակում և Լոռիում կհասնի +12…+16 աստիճանի: Կոտայքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +12…+15, նախալեռներում՝ +17…+19 աստիճանի: Գեղարքունիքում կանխատեսվում է +10…+14 աստիճան: Տավուշի հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +16…+19, իսկ նախալեռներում՝ +13…+16 աստիճանի: Արագածոտնի լեռներում սպասվում է +12…+15, նախալեռներում՝ +16…+20 աստիճան: