Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում, որտեղ քննարկել են ոռոգման սեզոնի ընթացքը, ուսումնասիրել պոմպակայանների աշխատանքն ու ծանոթացել Ապարանի ջրամբարի ջրային պաշարներին։
«Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն աշխատանքային այցով գտնվել են Արագածոտնի մարզում։
ՋԿ ղեկավար կազմը նախ այցելել է «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) գրասենյակ, որտեղ տնօրեն Գոռ Արշակյանի և ընկերության պատասխանատու աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ վերլուծելով ոռոգման սեզոնի ընթացքում ջրամատակարարման կազմակերպման արդյունավետությունը, կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները։
Այնուհետև Ղալամքարյանն ու Դաղբաշյանը տեղում ուսումնասիրել են Ագարակավան գյուղի առաջին և երկրորդ աստիճանի պոմպակայանների վիճակը, խոսել վարչական ղեկավարի եւ ջրօգտագործողների ներկայացուցչի հետ։ ՋԿ նախագահն ընդգծել է գյուղատնտեսական հողերի խոշորացման կարեւորությունը՝ որպես պետական կապիտալ ներդրումների արդարացվածության նախապայման։
Այց է կատարվել նաև Ապարանի ջրամբար, որտեղ ղեկավար կազմին ներկայացվել են ջրամբարի լցվածությունն ու ոռոգման նպատակով ջրառի կանխատեսումները։
Շրջայցն ավարտվել է Նոր Երզնկա գյուղում, որտեղ պաշտոնյաները ծանոթացել են ազնվամորու, կեռասի և այլ պտղատու ինտենսիվ այգիների ոռոգման կազմակերպմանը»,- ասված է ՋԿ-ի տարածած հաղորդագրությունում։