Այսօրվանից մեկնարկում է Ուրուգվայական ֆիլմերի փառատոնը Հայաստանում: Այն արդեն 14-րդ անգամ իրականություն է դառնում արգենտինահայ կինոգործիչ, «Սինեմատեկա Արմենիայի» հիմնադիր, դերասան, պրոդյուսեր Ջեք Պողոսյանի ջանքերով:
Նա Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայաստանցիները հնարավորություն կունենան դիտելու ուրուգվայական կինոյի լավագույն նմուշները՝ մասնակցելով հուլիսի 20-23-ը կայանալիք ֆիլմերի ցուցադրություններին։
Ուրուգվայական ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերն են Դանիել Հենդլերի «Անավարտ գործերը», Անա Գևարայի և Լետիսիա Խորխեի «Ինձ ամուր բռնիր»-ը, Խոսե Ինֆանտոցցիի «Բեչոն» և Վերոնիկա Պեռոտայի «Չինական այրվածքը»:
Ջեք Պողոսյանը ներկայացրեց, որ «Անավարտ գործերը» ֆիլմն այն մասին է, թե ինչպես է Արգենտինայի ոստիկանության կապրալ Սանտյանգոն, փախչելով իրեն հետապնդող ոստիկաններից, անցնում է սահմանը և հայտնվում Ուրուգվայում: Առանց գումարի և կացարանի, շնորհիվ իր հնարամտության՝ Սանտյանգոն հաղթահարում է դժվարությունները, սկսում է կերտել նոր կյանք և նույնիսկ հանդիպում է իր կյանքի մեծ սիրուն:
«Ինձ ամուր բռնիր» ֆիլմի սյուժեն այսպիսին է. սիրելի ընկերուհու՝ Ելենայի հոգեհանգստին Ադելան չի կարողանում ազատվել այն զգացողությունից, որ շուրջբոլորը ամեն բան կեղծ ու անհեթեթ է: Նա ծանր սրտով սկսում է դրվագներ հիշել անցյալի իրենց գեղեցիկ օրերից ու հասկանում է, որ բնավ պատրաստ չէ հրաժեշտ տալ ընկերուհուն:
«Բեչոն» պատմում է համանուն հերոսի մասին, որն օժտված է հազվագյուտ շնորհով՝ զգալու այն կիրքը, որն արտահայտվում է որոշ պահերի և հասանելի է միայն ընտրյալներին: Երաժիշտների խմբի կատարումից ծնված հզոր էներգիան ամբողջովին կլանում է նրան ու տեղափոխում երևակայական աշխարհ, որտեղ ապրում է տանգոյի հիմն համարվող «Լա Կումպարսիտան»: Նստած Մոնմարտրի կաբարեի դաշնամուրի առջև՝ Բեչոն կատարում է իր տանգոն՝ նվիրված օլիմպիական չեմպիոններին:
Վերջին ֆիլմը՝ «Չինական այրվածք», նույնպես հետաքրքիր է. սիամական երկվորյակներ Աննին և Դանին կանգնած են ֆիզիկական բաժանման առաջ. վիրահատություն, որն ունի թե՛ վիրաբուժական, թե՛ գոյաբանական բնույթ: Նրանց վիրահատող եղբայրը՝ Ուիլլին, խոստովանում է, որ կցանկանար լինել սիամական երկվորյակ, և խնդրում է իրեն վիրահատությամբ միացնել նրանցից մեկին:
Ջեք Պողոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ մուտքը ցուցադրություններին ազատ է, իսկ փառատոնը հիանալի հնարավորություն՝ կինոյի համամարդկային լեզվի միջոցով մոտեցնելու երկու հեռավոր, բայց մշակութապես հարուստ ժողովուրդների։
Հավելենք, որ փառատոնին աջակցել են Ուրուգվայում Հայաստանի և Հայաստանում Ուրուգվայի դեսպանությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Cinemateca Armenia»-ն (հիմնադիր տնօրեն՝ Ժակ Պողոսյան) և մի շարք այլ հաստատություններ ու անհատներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: