Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում՝ վերանայելով մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը ազատազրկման պատժի ժամկետում հաշվակցելու կարգը։ Կառավարության այսօրվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվում էր գործող մեկ օրը մեկ օրվա դիմաց հաշվակցելու փոխարեն սահմանել, որ կալանքի տակ գտնվելու մեկ օրը հաշվարկվի ազատազրկման երկու օրվա դիմաց։
Կառավարությունը, ընդհանուր առմամբ ընդունելի համարելով կալանքի տակ գտնվելու և ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմանների տարբերությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, միաժամանակ առաջարկում է կիրառել տարբերակված մոտեցում՝ կախված կատարված հանցագործության ծանրության աստիճանից։
Կառավարության առաջարկով՝ Քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածը պետք է լրացվի նոր՝ 3.1-3.3-րդ մասերով, որոնց համաձայն՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվելու դեպքում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու մեկ օրը կհաշվակցվի ազատազրկման 1.5 օրվա դիմաց։ Այս կարգավորումը կկիրառվի նաև հանցագործությունների համակցության դեպքում, եթե համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքներ։ Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանք, այս կարգավորումը չի կիրառվի։
Կառավարության հիմնավորմամբ՝ կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ավելի խիստ են, քան ազատազրկման ձևով պատիժ կրող որոշ դատապարտյալների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Մասնավորապես, խոսքը արտաքին աշխարհի հետ հաղորդակցության, տեսակցությունների, հեռախոսակապից օգտվելու և տեղաշարժի հնարավորությունների մասին է։
Նշվում է, որ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար դատապարտված անձինք, քրեակատարողական օրենսդրության համաձայն, կարող են պատիժը կրել ցածր անվտանգային գոտում, որտեղ իրավունքների իրականացման համեմատաբար ավելի լայն հնարավորություններ կան։
Մինչդեռ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանավորված անձինք պահվում են մեկուսացման և վերահսկողության ավելի սահմանափակող պայմաններում։
Կառավարության գնահատմամբ՝ բոլոր հանցագործությունների համար կալանքի մեկ օրը երկու օր հաշվակցելու միասնական մոտեցումը բավարար չափով հաշվի չի առնում հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաև արդարության, համաչափության և պատժի անհատականացման սկզբունքները։
Միաժամանակ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում կալանքի մեկ օրը երկու օր հաշվակցելու կարգավորումը կարող է հանգեցնել դատարանի նշանակած պատժի փաստացի կրման ժամկետի անհամաչափ կրճատման։
Կառավարությունը հավանություն է տվել օրինագծի վերաբերյալ իր առաջարկությանը և այն սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողովի աշխատակազմ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ տնային կալանքի տակ գտնված Սամվել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: