Լամին Յամալն արդեն աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է։ 2025 թվականի ամռանը «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգումից հետո նրա ֆինանսական վիճակը կտրուկ փոխվել է․ ակումբը Յամալին դիտարկում է որպես իր ապագա նախագծի գլխավոր աստղ։
Իսպանական և միջազգային աղբյուրների տվյալներով՝ Յամալի հիմնական տարեկան աշխատավարձը մինչև հարկերի վճարումը կազմում է մոտ 15-16.7 միլիոն եվրո (շաբաթական շուրջ 320 հազար եվրո)։ Անհատական և թիմային բոնուսների կատարման դեպքում նրա տարեկան եկամուտը պայմանագրայինից կարող է աճել մինչև 20 միլիոն եվրոյի, իսկ պայմանագրով նախատեսված որոշ սցենարների իրականացման դեպքում ընդհանուր վարձատրությունը կարող է հասնել նույնիսկ 30-40 միլիոն եվրոյի։ Այդ վճարումները կախված են թիմի արդյունքներից, ֆուտբոլիստի անհատական վիճակագրությունից, մրցաշարերում հաղթանակներից և անհատական մրցանակներից, այդ թվում՝ «Ոսկե գնդակի» համար պայքարից։
Յամալի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2031 թվականը։ Համաձայնագրում ներառված է նաև 1 միլիարդ եվրոյի չափով հրաժարագին (buyout clause), ինչը վկայում է, որ ակումբը մտադիր է երկար տարիներ պահպանել իր գլխավոր աստղին։
Սակայն աշխատավարձը նրա եկամուտների միայն մի մասն է։ Արագ աճող ճանաչման շնորհիվ Յամալն արդեն համագործակցում է մի շարք խոշոր համաշխարհային բրենդների հետ։ Նրա կոմերցիոն գործընկերների թվում են Adidas-ը, Powerade-ը, Konami-ն, Beats by Dre-ն և այլն: Գովազդային պայմանագրերը ֆուտբոլիստին տարեկան բերում են լրացուցիչ միլիոնավոր եվրոներ՝ զգալիորեն մեծացնելով նրա ընդհանուր եկամուտը։
Փորձագետների գնահատմամբ՝ աշխատավարձը, բոնուսներն ու հովանավորչական պայմանագրերը միասին հաշվի առնելով՝ Լամին Յամալի տարեկան եկամուտներն արդեն կազմում են տասնյակ միլիոնավոր եվրոներ, իսկ կարիերայի հետագա զարգացմանը զուգընթաց դրանք կարող են զգալիորեն աճել։
Չնայած տպավորիչ եկամուտներին՝ Յամալի անձնական կարողության (զուտ կապիտալի) ճշգրիտ չափը պաշտոնապես չի հրապարակվում։ Համացանցում տարածվող գնահատականները մոտավոր են և զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Վերլուծաբանների մեծ մասը համաձայն է, որ նոր պայմանագրից և խոշոր հովանավորչական գործարքներից հետո նրա կարողությունն արդեն գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրոներով։ Եթե նա պահպանի ներկայիս զարգացման տեմպը, ապա առաջիկա տարիներին բոլոր հնարավորություններն ունի դառնալու աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Այս պահի դրությամբ՝ համաշխարահային ֆուտբոլի 19-ամյա աստղը արդեն ներառված է աշխարհի ամենաբարձր բվարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում:
Ի դեպ, ժամեր առաջ Իսպանիան աշխարհի գավաթը վիճարկում էր Արգենտինայի հետ: Արդյունքում՝ Իսպանիայի ընտրանին տուն կվերադառնա գավաթով՝ 1:0 հաշվով հաղթելով Արգենտինայի հավաքականին, որի կազմում, ամենայն հավանականությամբ, վերջին անգամ FIFA-ի գավաթի համար խաղում էր համաշխարահային ֆուտբոլի լեգենդ Լիոնել Մեսսին:
Ուշագրավ ֆինանսական նրբություն է նաև այս Մունդիալի մրցանակային ֆոնդը: 2026 թվականի Աշխարհի առաջնության հաղթողը կստանա 51 միլիոն դոլար, իսկ եզրափակչում պարտված թիմը՝ 34 միլիոն դոլար։
Մրցանակային ֆոնդի ընդլայնմամաբ սահմանվել է նոր ռեկորդ. մրցաշարի 48 մասնակից հավաքականների միջև կբաշխվի ընդհանուր 871 միլիոն դոլար։ Այդ գումարը ներառում է նաև ավելի քան 100 միլիոն դոլար, որը 2026 թվականի ապրիլին ավելացվել է այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք ֆուտբոլային ֆեդերացիաներ դիմել էին FIFA-ին՝ խնդրելով փոխհատուցել երեք երկրներում անցկացվող մրցաշարի լրացուցիչ ճանապարհորդական և կեցության ծախսերը։
Թեև 51 միլիոն դոլարը զգալի գումար է, այն համեմատաբար փոքր է համաշխարհային ֆուտբոլում շրջանառվող միջոցների ծավալի համեմատ։ Ավելին, այն նույնիսկ պակաս է, քան այն գումարը, որը նախորդ տարի ԱՄՆ-ում անցկացված Ակումբային աշխարհի առաջնության հաղթողն էր ստացել։
Այնուամենայնիվ, աշխարհի գավաթի նվաճումը երիտասարդ ֆուտբոլիստի կարիերայում նոր նշաձող սահմանելուց բացի նոր ֆինանսական մակարդակ էլ կբերի: Ի վերջո, Յամալն ընդամենը 19 տարեկան է: Ամեն ինչ դեռ առջևում է: