ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ավարտել է Իրանի ուղղությամբ հարվածների 9-րդ անընդմեջ շարքը, և հրապարակել է «Tomahawk» հրթիռների արձակման և F/A-18 կործանիչների թռիչքի տեսագրությունը։
Ըստ CENTCOM-ի` հարձակման են ենթարկվել իրանական ռազմական հրամանատարական կենտրոններ, հակաօդային պաշտպանության և առափնյա հսկողության օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ–ների արձակման վայրեր, ինչպես նաև կապի ցանցեր։
Գիշերը հարձակման է ենթարկվել նաև Թավրիզը։ Ենթադրվում է, որ հարված է հասցվել հրթիռային փորձարկման կայանին (2-րդ տեսանյութ)։ Ըստ իրանական ԶԼՄ- ների՝ ԱՄՆ-ն կրկին հարվածել է «Չաբահար» և «Կետարակ» նավահանգիստների ուղղությամբ։ Պայթյուններ են որոտացել Թավրիզ, Չաբահար, Մահշահր և Իմամ Խոմեյնի քաղաքներում:
Միևնույն ժամանակ ԻՀՊԿ–ն հայտնում է, որ ՀՕՊ համակարգերը ամերիկյան MQ-9 հարվածային ԱԹՍ են ոչնչացրել Իրանի տարածքում:
Հորմուզի նեղուցում պայթեցվել են երկու օրինախախտ լցանավեր, որոնք նավարկել են ԱՄՆ-ի հովանու ներքո։ Թեհրանը վճռականորեն հայտարարում է, որ ցանկացած նավթի տարանցում փակ է, քանի դեռ ամերիկյան ագրեսիան չի դադարել։
«Tasnim»-ը հայտնում է, որ ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ ԶՈւ «Ալի աս Սալեմ» ռազմակայանին։ Ինչպես պնդում է իրանական գործակալությունը, ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է վաղ նախազգուշացման ամերիկյան ռադիոտեղորոշիչ համակարգ, սարքավորումների և ավիացիոն պահեստամասերի անգար, ինչպես նաև MQ9 անօդաչու թռչող սարքերի անգար:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Sputnik Արմենիա