Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվայի մարզը․ հարվածի տակ են հայտնվել նավթաբազա, Wildberries-ի պահեստը

Քաղաքականություն

20.07.2026 | 11:20

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի լույս 20-ի գիշերը հարձակվել են Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկացմամբ էլ՝ երեկ երեկոյից Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը վնասազերծվել է։ Մոսկվային մոտենալիս 85 անօդաչու թռչող սարք է խոցվել, գրում է Meduza-ն։

Վորոբյովը հայտնել է, որ Օդինցովոյում մեկ մեքենա և մեկ մասնավոր տուն է վնասվել։ Պոդոլսկում «անօդաչուների ընկնելու հետևանքով հրդեհներ են առաջացել», վնասվել են մի քանի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ։ Նահանգապետը չի նշել, թե ինչ օբյեկտների մասին է խոսքը։ Մալոյե Տոլբինո գյուղում վնասվել է մեկ մասնավոր տուն։

Astra-ն հրապարակված տեսանյութերի և լուսանկարների վերլուծությունից հետո հաղորդում է, որ հարձակման է ենթարկվել Պոդոլսկի նավթաբազան, այն այրվում է։ Դոմոդեդովոյի «Յուժնիե Վրատա» արդյունաբերական համալիրի պահեստը նույնպես այրվում է։ Այստեղ հարված է հասցվել նաև բազմահարկ բնակելի շենքի։

Կոլեդինո գյուղի (Պոդոլսկի քաղաքային շրջան) բնակիչները հայտնել են նաև Wildberries լոգիստիկ կենտրոնում հրդեհի մասին: Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ընկերության պահեստը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախկինում տարհանում էր իրականացվել, սակայն աշխատակիցները վերադարձել են աշխատանքի:

Դոմոդեդովոյի հիվանդանոցը հայտնել է, որ ականապայթյունային տարբեր աստիճանի վնասվածքներով բժշկական հաստատություն է տեղափոխվել վեց մարդ, որոնցից երեքը օտարերկրյա քաղաքացիներ են։ Հիվանդանոցի հաղորդագրության մեջ լրացուցիչ մանրամասներ չեն նշվում։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի տարածքում ու բռնակցված Ղրիմում  խոցել կամ որսացել են ուկրաինական 381 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment