Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում, «Արմենպրես»-ին հայտնել է Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետք է ներկայացնի վերջնական հետազոտությունների արդյունքները։ Գիշերվա ընթացքում գրանցվել է 14 կանչ, որոնցից մեկը՝ Նուռնուսից, երկուսը՝ Արզնի գյուղից, մնացածը՝ Բյուրեղավանից։ Առավոտյան ժամը 09:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ախտանշաններով շտապօգնության ևս 4 կանչ է գրանցվել։ Ահազանգողներից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Այս պահին Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ երեկ ԲԿ տեղափոխված 7 քաղաքացի»,- ասել է Կարապետյանը։
Նա տեղեկացրել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրի նմուշառման փորձաքննության արդյունքները դեռ չեն ներկայացրել։
Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ շտապօգնության ծառայությունը Բյուրեղավան համայնքից գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ։
Հիվանդների հիմնական գանգատներն են ինքնազգացողության վատացումը, ջերմության բարձրացումը և որովայնի շրջանում ցավերը։
2026 թվականի ապրիլի 21-ին ևս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Այդ ժամանակ հոսպիտալացվել էր 11 քաղաքացի։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում