Պետք է կիսվենք մարդկանց հետ ինֆորմացիայով, որպեսզի կիսագրագետ մտքերը քիչ հնչեն․ Ավինյանն՝ օդի որակի մասին

Երևանի քաղաքապետարանը օդի որակի վերաբերյալ ինֆորմացիայով պետք է կիսվի մարդկանց հետ, որպեսզի կիսագրագետ մտքերը քիչ հնչեն, հայտարարել է Ավինյանը


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը օդի որակի վերաբերյալ ինֆորմացիայով պետք է կիսվի մարդկանց հետ, որպեսզի կիսագրագետ մտքերը քիչ հնչեն, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 


«Երևանում օդի որակի վերաբերյալ ամենամեծ ծավալի ինֆորմացիան հավաքագրում է քաղաքապետարանը, և պետք է մարդկանց հետ կիսվել այդ ինֆորմացիայով, որպեսզի կիսագրագետ մտքերը քիչ հնչեն», – հայտարարել է Ավինյանն՝ ավելացնելով, որ այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տպավորություններ։ 


Քաղաքապետի խոսքով՝ այս թեմայով քաղաքապետարանը սկսել է զբաղվել դեռևս 2022-2023 թվականներից, և ավագանու որոշմամբ պարտադրված սարքերի տեղադրումը տվել է էական տվյալներ՝ հասկանալու համար այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հատկապես նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում։ 


«Շատ կարևոր է հասկանալ, թե այդ փոփոխությունների որ հատվածն է մարդածին։ Այսինքն՝ մեր հետագա քայլերը պետք է նպաստեն այս տեղեկատվության հարստացմանը և, ըստ այդմ, նաև մեր քաղաքականության մշակմանը՝ ստացված ինֆորմացիայից ելնելով», — նշել է Ավինյանն՝ ընդգծելով, որ այս թեմայով հնչում են տարատեսակ ոչ մասնագիտական և հիմնականում կիսատեղեկացված կարծիքներ։ 


Ըստ քաղաքապետի՝ սա միայն այսօրվա կամ երեկվա խնդիր չէ․ այն տասնամյակներ, եթե ոչ ավելի երկար տարիներ եղել է, և շատ կարևոր է դրա մանրամասները հասկանալը։


Leave a comment