Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 19-ին Վաշինգտոն կմեկնեն՝ մասնակցելու Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին․ աղբյուր

Քաղաքականություն

09.02.2026 | 13:47

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու Դոնալդ  Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին, X-ում գրել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։

«Ըստ աղբյուրների՝ փոխնախագահ Վենսի՝ Հարավային Կովկաս կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը նախատեսում են փետրվարի 19-ին մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին»,- նշել է նա։

ԱՄՆ պաշտոնյայի և Խորհրդի անդամ չորս երկրների դիվանագետների հղում անելով՝ Axios-ը հայտնել էր, որ Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի Խաղաղության խորհրդի ղեկավարների հանդիպում։ Հրապարակման համաձայն՝ Սպիտակ տունը ցանկանում է օգտագործել այս հանդիպումը՝ Գազայի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և վերակառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով։

«Սա կլինի Խաղաղության խորհրդի առաջին հանդիպումը և Գազայի վերակառուցման համար դրամահավաքի համաժողովը»,- նշել է ԱՄՆ պաշտոնյան։

Գագաթնաժողովի ծրագրերն առայժմ վաղ փուլում և դեռևս կարող են փոխվել: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Հունվարի 22-ին Դավոսում տեղի էր ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment