Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ անձի քմահաճույքով մի գիշերում որոշել, որ այսինչ ընկերությունն արդեն պետությանը պետք է անցնի, մեկ ուրիշը՝ քաղաքապետարանին, պետք է խլել անշարժ ու շարժական գույքեր, բաժնեմասեր և այլն։
Հարկավ, խոսքն այս պարագայում «Մուլտի գրուպի» սեփականատեր, ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իշխանական հարձակումների մասին է։ Բայց սա նաև առաջին դեպքը չէ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին նույն փաշինյանական իշխանությունը կենտրոնացած էր Սամվել Կարապետյանից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» խլելու գործողության վրա: «Ձեռքի հետ» էլ՝ «Տաշիր գրուպի» այլ միավորների վրա էին հարձակումներ գործում:
Մանրամասների մեջ չխորանանք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով լուսաբանվել ու լուսաբանվում է, բոլորն էլ տեղյակ են: Ոչ պակաս խորքային ու կարևոր խնդիր կա այստեղ: Ու խնդիրն այդ, ինչպես սկզբում նշեցինք, Հայաստանում սեփականության իրավունքի վախճանն է: Առանց գեղարվեստականության ու չափազանցության՝ հենց վախճանը, ինչի մասին բարձրաձայնում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև իրավաբանները:
Իսկ սեփականության իրավունքի վախճանը, սեփականության իրավունքի հուղարկավորությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու երկրի վրա, տնտեսության վրա: Բնականաբար, նույնքան կամ ավելի ծանր հետևանքներ է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա: Անգամ կարող է դեմոգրաֆիկ խնդիրների պատճառ դառնալ:
Տեսեք, բոլոր այն մարդիկ, որոնց սեփականության իրավունքի նկատմամբ Փաշինյանի իշխանությունը «պետության անունից» ապօրինաբար ոտնձգություններ է կատարում, օրինակ՝ նույն Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դեմ, նրանք իրենք իրենցով այնքան կան, որ էլի մնալու են Գագիկ Ծառուկյան ու Սամվել Կարապետյան:
Բայց երկիրն է ափսոս, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում», ավելի կոնկրետ՝ երկրի տնտեսության ու գործարարական միջավայրի:
Միով բանիվ՝ այս իշխանություններն, ինչպես բոլոր մյուս ոլորտներում, գործունեության ասպարեզներում և ուղղություններում են «բուլդոզերային քաղաքականություն» վարել 8 տարի, նույնը շարունակում են հիմա: Պարզապես արդեն շատ ավելի ինտենսիվ, ավելի ցինիկ ու բացահայտ, արդեն առանց ձևականությունների, առանց «սրտիկ-մրտիկ» ցուցադրելու:
Իսկ ի՞նչ է կատարվելու ու կատարվում այդ ամենի, այդ «բռնագանձումային» դրսևորումների հետևանքով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: