ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ Չինաստանը փորձել է ազդել ինչպես 2018 թվականի միջանկյալ, այնպես էլ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա։
Նրա խոսքով՝ Չինաստանը 2020 թվականից իրականացրել է գործողություն, որը նա բնութագրել է որպես «ընտրական տվյալների փոխզիջման պատմության մեջ ամենախոշոր դեպք»՝ պնդելով, թե Պեկինը ապօրինաբար ձեռք է բերել շուրջ 220 միլիոն ամերիկացի ընտրողի տվյալներ։
Թրամփը նաև հայտարարել է, որ այսպես կոչված «խորը պետության» ներկայացուցիչները թերագնահատել են Չինաստանի ենթադրյալ միջամտության մասշտաբները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) նահանգների ընտրացուցակներում հայտնաբերել է շուրջ 278 հազար անձի, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն։
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը քայլեր է ձեռնարկում՝ ապագայում բացառելու, իր ձևակերպմամբ, «գողացված ընտրությունների» հնարավորությունը։
Թրամփը նաև հայտարարել է հետախուզական տվյալների անհապաղ գաղտնազերծման մասին՝ պնդելով, որ դրանք բացահայտում են երկրի ընտրական ենթակառուցվածքի խոցելիությունները։
Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ քվեարկության համակարգը «ծայրահեղ խոցելի է հարձակումների նկատմամբ»։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ հակառակորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ունեն ամերիկյան ընտրական ենթակառուցվածքը վնասելու կամ փոխզիջման ենթարկելու հնարավորություններ։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հանձնարարել է Ազգային հետախուզությանը, Արդարադատության նախարարությանը, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին հետաքննել, թե ինչպես և ինչու է գաղտնազերծվել ընտրական ենթակառուցվածքին վերաբերող կարևոր տեղեկատվությունը։