«Հրապարակ»-ը գրում է
Ադրբեջանը Թուրքիային ու Նախիջեւանին կապող TRIPP միջանցքը TRIPP + առեւտրային հիմնադրամն է իրականացնելու, որը ղեկավարելու է ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող, ազգությամբ հրեա Կոնստանտին Սոկոլովը: ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս տեղեկությունը:
«Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առեւտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարեւորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»: Սոկոլովը պետական պաշտոններ չի զբաղեցրել, նա մեկն է այն 36 նվիրատուներից, ովքեր ֆինանսական միջոցներ են հատկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավին եւ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգմանը, որը գնահատվում է 350 մլն դոլար։ Բայց Կոնստանտին Սոկոլովի նվիրատվության չափը հայտնի չէ:
TRIPP + առեւտրային հիմնադրամը, որը նախագահելու է Սոկոլովը, ըստ Պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե եւ լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։ Փետրվարին Երեւան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը TRIPP + հիմնադրամը որակել էր որպես «պատմական վերափոխման» մի մաս, որը «կբացի առեւտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։ Միեւնույն ժամանակ, ըստ The Guardian-ի, «հստակ չէ, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն շահույթ ստանալ հիմնադրամից եւ արդյո՞ք ստանալու են փոխհատուցում իրենց դերակատարման համար»։ Սոկոլովը Հայաստանում հայտնի է որպես հայաստանյան կապի խոշոր օպերատորներից «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր։ «Վիվա Արմենիա»-ն վերջերս ձեռք էր բերել նաեւ մեկ այլ օպերատորի՝ «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը։
Ապրիլին գրվել էր, որ վերջինս նաեւ Թեղուտի պղինձ-մոլիբդենի հանքավայրի հնարավոր գնորդն է։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում Northern Pillar Energy կոնսորցիումում, որը մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային մալուխների հաղորդակցությամբ է զբաղվում՝ կապելով Աֆրիկան Եվրոպային։ Չիկագոյում գործող IJS Investments-ի հիմնադիրն է, հիմնադիր է նաեւ Ցյուրիխում գործող Gotthard Investment AG-ում. այս ընկերությունը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների մատուցման, էներգետիկայի ու անշարժ գույքի ոլորտներում։ Պետքարտուղարության խոսնակը վստահեցրել է, որ հիմնադրամը գործելու է ամերիկյան օրենսդրության պահանջներին համապատասխան՝ տարեկան հաշվետվությունների, անկախ աուդիտների, ինչպես նաեւ դրամաշնորհների տրամադրման հարցերում՝ շահերի բախման պահանջներին հետեւելով։
Արտակարգ եւ լիազոր դեսպան, ԳԽ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս նշանակման մասին, ասում է․ «Կարծում եմ, որ այստեղ կոնսպիրոլոգիայի կարիք չկա։ Հայտնի է, որ նա ծնվել եւ սովորել է Ռուսաստանում, 21 տարեկանում մեկնել է ԱՄՆ։ Որեւէ լուրջ կապերից ես տեղյակ չեմ: Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս է, հետեւաբար՝ տրամաբանող մարդ է, ԱՄՆ-ում ներդրումներով է զբաղվել: Ունի ուղիղ կապ Թրամփի հետ: Գրում են, որ մոտ 100 միլիոն դոլարի օժանդակություններ ու ներդրում է արել ԱՄՆ նախագահի տարբեր ձեռնարկներում: Նա լուրջ ներդրող է իրականում։ Գիտի լեզուներ եւ ծանոթ է տարածաշրջանի ժողովուրդների մշակույթներին: TRIPP + առեւտրային հիմնադրամը չի վերաբերում միայն Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային, այն նաեւ Միջին Ասիայի համար է: Կարծում եմ, որ նշանակումը համահունչ է Թրամփի կադրային քաղաքականության տրամաբանությանը, որը պարտադիր ենթադրում է անձնական նվիրվածություն: Այս կտրվածքով պետք է նայել Թրամփի բոլոր նշանակումները, եւ Սոկոլովի նշանակումը բացառություն չէ: Ինձ միշտ զարմացրել է հայաստանյան ընդդիմության ժխտողականությունը TRIPP-ի հանդեպ: Նրանք, կարծես, խուսափում են այդ կարեւոր նախագծի վերաբերյալ համապարփակ գնահատական տալուց: ՀՀ կառավարությունն ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել, այն հետեւողականորեն առաջ է տանում, դա լուրջ աշխարհաքաղաքական կոնցեպցիա է եւ տարածաշրջանում լուրջ փոփոխություններ է բերելու: Ես դժվարանում եմ ասել, թե ինչ ազդեցություն եւ կապեր ունի Սոկոլովը ՌԴ-ում։ Սակայն կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է արդյունավետ դիվանագիտական ջանքեր գործադրի՝ այս հարթության վրա իր հետաքրքրությունները հնարավորինս ամրագրելու համար: Երկաթուղային մասը դեռեւս գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ, եթե հին երկաթգիծն օգտագործվելու է, ապա ռուսական գործոնը կարեւոր է, թեպետ ամերիկացիները հայտարարել էին, որ նպատակը Ռուսաստանին եւ Չինաստանին իզոլացնելն է։ Մինչդեռ ռուսական կողմի իրական դիրքորոշումն անհասկանալի է, նրանք եւս հակված են ժխտել TRIPP-ը՝ պնդելով, որ այն սոսկ քաղաքական նախագիծ է։ Այո, քաղաքական է, եւ ի՞նչ:
Չեմ ցանկանա, որ Հայաստանը հայտնվի խոշոր տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական եւ անվտանգային ռիսկերով։ Այս տեսանկյունից առավել նպատակահարմար կլինի ձեւավորել համագործակցության այնպիսի ձեւաչափ եւ մեխանիզմներ, որոնք ինչ-որ չափով հաշվի կառնեին նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի շահերը։ Ներառական մոտեցումը կարող է նվազեցնել նախագծի աշխարհաքաղաքական բեւեռացման ներուժը եւ այն վերածել ոչ բացառապես մրցակցային բաժանարար նոր գծի, այլ տարածաշրջանային փոխկապակցվածությունը լրացնող եւ տարբեր շահերը համադրող ենթակառուցվածքային նախաձեռնության։
Նախագիծն ունի ներուժ՝ լուրջ կերպով ազդելու Հարավային Կովկասի ռեգիոնալիզացիայի վրա։ Հայաստանի համար TRIPP-ը շատ ավելին է, քան երթուղիների եւ կոմունիկացիաների դիվերսիֆիկացման հնարավորությունը. այն վերաբերում է երկրի կարողությանը՝ ընդլայնելու իր արտաքին քաղաքական եւ տնտեսական մանեւրելու կարողությունը՝ առանց նոր հնարավորությունները լրացուցիչ կախվածությունների վերածելու։ Այս առումով տարածաշրջանային կապակցվածության նոր ճարտարապետության ձեւավորումը դառնում է քաղաքական կարեւոր փորձություն՝ պայմանավորելով ինչպես Հայաստանի ինքնիշխանության պահպանման հրամայականը, այնպես էլ մեր երկրի տեղն ու դերը՝ Հարավային Կովկասում ձեւավորվող տարածաշրջանային կարգում»։