Վերջնական նպատակը պետք է լինի այդ քաղաքացիներին անապահովների նպաստների համակարգից հանելը, ոչ թե պահելը. Արսեն Թորոսյան

«Հնարավորություն ենք տալիս աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաեւ ոչ պետական կազմակերպություններին: Նպատակն այն է, որ արդեն իսկ ունենք կազմակերպություններ, դրա վառ օրինակը «Զինապահ» հիմնադրամն է, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ: Խոսքը 44-օրյա պատերազմի մասնակիցների վերջույթների պրոտեզների տրամադրմանն է վերաբերում, մենք օրենքով չենք կարող անել»,- այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծում առաջարկվող փոփոխություններին անդրադառնալիս նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի՝ հաջորդ փոփոխությունը, որ առաջարկում են՝ «անկախ կյանքի կենտրոն» հասկացության ներմուծումն է. «Պետական բյուջեով մի նման կենտրոն արդեն կառուցում ենք, որը հույս ունենք որպես օրինակ կծառայի ապագայում ոչ միայն պետական միջոցների հաշվին նման կենտրոններ ունենալու, այլ քննարկվելու է նաեւ այդ կենտրոնի շահագործման հնարավորությունը տալ ոչ պետական կազմակերպություններին: Կարիք ունենք հստակեցնելու՝ ինչ է դա: Մյուս փոփոխությունը, որ առաջարկում ենք՝ անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացին է վերաբերում, առաջարկում ենք այդ պայմանագիրը դարձնել եռակողմ, այսօր դա երկկողմ է, որոշակի փոփոխություններ ենք նախատեսում նաեւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում: Որի հիմնական իմաստը ավելորդ վարչարարությունը հանելն է: Երբ անձի ֆունկցիոնալության գնահատումից հետո ծառայությունների ծրագրում մենք փոփոխությունների կարիք ենք ուզենալու տեսնել, որ դրա համար անձի ֆունկցիոնալության  գնահատում նորից չիրականացվի»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հետաքրքրվեց. «Արդյո՞ք միայն վիրավորում ստացած զինվորներին է կարողանալու «Զինապահը» աջակցություն տրամադրել: Ես հիշում եմ՝ ժամանակին նպաստների  նոր համակարգ ներդնելու ծրագիր ունեցանք, երկու մարզում պիլոտային ծրագիր իրականացվեց, պետք է փետրվարի 1-ից արդեն տարածվեր ամբողջ հանրապետությունով: Ի՞նչ փուլում է»:

Թորոսյանը պատասխանեց՝ այս պահին խոսքը 44-օրյա պատերազմի շահառուների մասին է, բայց ապագայում հնարավոր է  ընդլայնվի: Ինչ վերաբերում է անապահովների նպաստների նոր համակարգին՝ Թորոսյանն ասաց. «Այս պահին գործում է Կոտայքի ու Սյունիքի մարզերում, պիլոտային գործողության ժամկետը երկարաձգեցինք, ամբողջ երկրի վրա տարածվելու է  հուլիսի 1-ից, ոչ թե փետրվարի 1-ից: Նախ պիլոտի մեկ տարին լրանում է մարտի վերջ, ցանկացանք ամբողջ ցիկլը փակել երկու մարզերի, որ բոլոր խնդիրները վեր հանենք, ու արդեն իսկ ունենք վերհանած խնդիրները»:

Թորոսյանը վստահեցրեց, որ նոր համակարգն ավելի լավն է, քան նախկինը: Նրա խոսքով՝ ունենք միջին նպաստի չափ, որը մոտ 80.000 դրամ է եւ առավելագույն  չափը մոտ 200.000 դրամ է. «Թեեւ վերջնական նպատակը պետք է լինի այդ քաղաքացիներին համակարգից հանելը, ոչ թե պահելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment