«Սրանք իրենց կողմից հերթական քայլերն են, որոնք տեղավորվում են բացառապես քաղաքական հետապնդման շրջանակներում»․ Էլինար Վարդանյանը՝ «Մուլտի Վելնես»-ի հետ կատարվողի մասին

«Սա կապված է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ ոչ միայն նստացնելու է, այլև ունեզրկելու է Գագիկ Ծառուկյանին։ Հետևաբար սրանք իրենց կողմից հերթական քայլերն են, որոնք տեղավորվում են  բացառապես քաղաքական հետապնդման շրջանակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հաստատմանը, որ «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրը անցնում է Երևանի քաղաքապետարանին։

Նշենք, որ այսօր «Ֆակտոր»-ի հետ զրույցում Տիգրան Ավինյանն այս առիթով հայտարարել էր․ «Այդ շինությունը կառույց է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա։ Կառուցվել է խախտումներով և պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագայում հայտարարություններ կլինեն։ Խախտումներն արձանագրվել են մեկ տարի առաջ և տարբեր քննարկումներ ունեցել ենք իրենց հետ, լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և դրանից հետո վերջնական որոշումները կայացվել են»։

Հարցին՝ կապ ունի՞ այն գործողությունների հետ, որ ԱԱԾ-ն իրականացրել է Գագիկ Ծառուկյանի տանը, Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ այս գործընթացն ավելի շուտ էր սկսվել։ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ կենտրոնը շարունակելու է դեռ գործել՝ որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական բաղադրիչներ հաշվի առնելով։ Ըստ Տիգրան Ավինյանի՝ այն դառնում է համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական բաղադրիչներով։

Ըստ Էլինար Վարդանյանի՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդման շրջանակներում է հարուցվել քրեական գործ, քաղաքական հետապնդման շրջանակներում բազմաթիվ ձեռնարկություններ են փակվել, որոնք նաև անբարենպաստ վիճակի են բերել հազարավոր աշխատողների․ «Այլ կերպ, քան քաղաքական հաշվեհարդար, սա կոչել չեմ կարող»։

Հարցին՝ այս գործընթացները վնասո՞ւմ են մեր երկրի վարկանիշին, միջազգային վարկանիշային զեկույցներում արձանագրումներ կլինե՞ն, Էլինար Վարդանյանն այսպես պատասխանեց․ «ՀՀ-ում ժողովրդավարությունը կտրուկ անկում է ապրում, և այլևս ժողովրդավարության մասին մենք խոսել չենք կարող, քանի որ քայլ առ քայլ գնում ենք դեպի բռնատիրություն։ Եթե բոլորը կասեն, որ սա 37 թիվը չէ, ապա սա 37 թվի այլ դրսևորում է, և պարտադիր չէր, որ 37 թվի մատնագրերի բնույթը կրեր, բայց այն, ինչ կատարվում է քաղաքական ու հանրային գործիչների նկատմամբ, միանշանակ դեպի բռնապետություն գնացող քայլեր են։ Առաջինը ժողովրդավարության անկումը և երկրորդը՝ սա ՀՀ-ի տնտեսական իմիջին ևս վնաս է հասցնելու։ Ցանկացած ներդրող ուսումնասիրում է երկրի տնտեսական բարենպաստ կամ ոչ բարենպաստ վիճակը։ Եթե ՀՀ-ում կարելի է պարզապես մարդուն ունեզրկել մեկ մարդու ցանկությամբ, ապա այս պարագայում ներդրողը հաստատ կմտածի՝ ՀՀ-ում որևէ ներդրում կատարելուց առաջ, քանի որ երաշխավորված չէ, որ վաղն այդ նույն մեկ մարդն իր նկատմամբ այդ նույն որոշումն ու մոտեցումը չի ունենա։ Հետևաբար երկակի վնաս է հասցվում ՀՀ-ին։ Ինչ վերաբերում է զեկույցներում այս հարցին անդրադառնալուն, ապա կարծում եմ, թեև որքան էլ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները Փաշինյանի իշխանության արածների նկատմամբ աչքերը փակել են և հաճախ չեն արձանագրել այն ոտնձգությունները, որ տեղի են ունենում ժողովրդավարության նկատմամբ, շարունակում եմ միջազգային կազմակերպություններին դիտարկել՝ որպես մեզ գործընկեր։ Այս պարագայում կա հսկայական աշխատանք, որի արդյունքում կարող ենք հասնել միջազգային կառույցների ու կազմակերպությունների օբյեկտիվ արձագանքին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment