«Տարբեր բամբասանքների հիման վրա տարբեր քրեական վարույթներ են նախաձեռնվել, ստուգողական գործողություններ են արվել»․ Արա Զոհրաբյանը՝ Վեհափառի դեմ վարույթի մասին

«Վեհափառ Հայրապետին Քննչական կոմիտե չեն կանչել։ Տարբեր քրեական գործերով բազմաթիվ փորձեր են եղել, որոնք հաջողության չեն հասել։ Որոշ բաներ կան՝ չեմ կարող ասել, բայց տարբեր բամբասանքների հիման վրա տարբեր քրեական վարույթներ են նախաձեռնվել, ստուգողական գործողություններ են արվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով Վեհափառի դեմ քրեական վարույթ նախաձեռնելու մասին հարցին։

Ըստ փաստաբանի՝ իշխանությունները մինչեւ հիմա չեն կարողացել գտնել այնպիսի մի բան, ինչպիսին, օրինակ, Մանվել Գրիգորյանի դեմ արված «տուշոնկա» օպերացիան էր, որ հանրությունը խիստ դժգոհությամբ չանդրադարձնի։ Բայց, իր համոզմամբ, գործող իշխանության երազանքն է՝ հասնել նրան, որ մի օր Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։

Միաժամանակ, ըստ նրա, Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն այնքան էլ հեշտ բան չէ․ «Իմ կարծիքով Վեհափառ Հայրապետն անձեռնմխելի անձ է, չնայած օրենքով դա ուղիղ գրված չէ, բայց մեր օրենսդրությամբ դա ենթադրվում է։ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդումը շատ բարդ գործ է, որի պատասխանն այս իշխանությունը պետք է տա»։

Ինչ վերաբերում է Մասսյացոտնի թեմի կարգալույծ եւ պաշտոնանկ արված նախկին թեմակալի՝ Արման Սարոյանի գործին, որի առիթով պաշտպանական կողմի՝ հայցի ապահովումը դադարեցնելու միջնորդության մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը, Արա Զոհրաբյանն ասաց․ «Հուսանք, որ դատավորի անտեղյակությունն է բերել նման որոշման»։ Դատարանի որոշումը լինելուց հետո էլ պաշտպանական կողմը կհստակեցի իր հետագա անելիքները։

Ի դեպ, Արման Սարոյանն այսօրվա նիստին չէր ներկայացել։

Հիշեցնենք, Մասսյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացվելուց հետո, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել էր դատարան՝ իր աշխատանքային իրավունքները պաշտպանելու հայցով։ Դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ նրան ժամանակավորապես վերականգնելով իր պաշտոնին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment