ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային և Քուվեյթին սպառազինության և ռազմական տեխնիկայի վաճառքի երկու խոշոր գործարքի՝ ընդհանուր մոտ 2,44 միլիարդ դոլար արժողությամբ։
ԱՄՆ պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի համար նախատեսված փաթեթի արժեքը կազմում է մոտ 1,96 միլիարդ դոլար։
Գործարքի շրջանակում Ռիադը կստանա 20 հազար միավոր կատարելագործված ուղղորդման համակարգեր՝ բարձր ճշգրտության զենքի համար (APKWS-II)։ Դրանցից 10 հազարը նախատեսված են «օդ-օդ», իսկ մյուս 10 հազարը՝ «օդ-մակերես» դասի կիրառման համար։
Փաթեթում ներառված են նաև LAU-131 A/A արձակման կայաններ, Mk-152 բարձր պայթուցիկ մարտագլխիկներ, MK66 հրթիռային շարժիչներ, անհպում պայթուցիչներ, ինչպես նաև ուսումնական և իներտ բաղադրիչներ՝ անձնակազմի պատրաստման համար։
Երկրորդ գործարքը՝ շուրջ 484 միլիոն դոլարի արժեքով, նախատեսված է Քուվեյթի զինված ուժերի C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռների պարկի տեխնիկական սպասարկման և լոգիստիկ աջակցության համար։
Գործարքի շրջանակում նախատեսվում է մատակարարել ինքնաթիռների պահեստամասեր և բաղադրիչներ, ստուգիչ-չափիչ սարքավորումներ, ինչպես նաև լաբորատոր տեխնիկա։