Չեխիայի մայրաքաղաքում երկու մարդատար գնացքի բախման հետևանքով 46 մարդ է տուժել, որոնցից չորսի վիճակը գնահատվում է ծանր։
Պրահայի կենտրոնական հատվածում՝ գլխավոր երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, 2 մարդատար գնացք է բախվել։ Դեպքի հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ինչպես Česká televize հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը, տուժածներից չորսը ծանր վիճակում են, իսկ ևս 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։
Նախնական տվյալներով՝ երկաթուղային պատահարը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7։00-ի սահմաններում՝ Մոսկվայի ժամանակով 9։00-ին։ Նշվում է, որ բախման պահին երկու գնացքներն էլ ընթացել են ցածր արագությամբ, հայտնում է Deutsche Welle-ն:
Վթարի պատճառով Պրահայում ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային երթևեկությունը Վիսոչանի և Լիբեն շրջանների ուղղությամբ։ Գնացքների շարժը սահմանափակված է եղել շուրջ երկու ժամ։
Պատահարի վայր են ուղարկվել ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության բազմաթիվ ստորաբաժանումներ։ Առավոտյան ժամը 9։00-ից հետո հաջողվել է վերականգնել գլխավոր երկաթուղային կայարանի չորս կառամատույցների աշխատանքը։
Առայժմ չի հաջողվել պարզել, թե ինչ հանգամանքներում են երկու գնացքները հայտնվել նույն երկաթուղու վրա։ Հայտնի է, որ դրանցից մեկը շարժվել է Մլադա Բոլեսլավ քաղաքից, իսկ մյուսն ուղևորվել է Միլովիցե։
Նոյեմբերի 17-ին Չեխիայում նշվում է պետական տոն, ինչի պատճառով գնացքներում սովորական օրերի համեմատ ավելի քիչ ուղևորներ են գտնվել։
Չեխիայի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկը տեղի ունեցածը որակել է որպես «շատ լուրջ միջադեպ»։ Նրա խոսքով՝ իրավասու մարմինները շարունակում են պարզել բախման պատճառներն ու դեպքի բոլոր հանգամանքները։
Նախնական հաշվարկներով՝ երկաթուղային պատահարի հետևանքով պատճառված նյութական վնասը կազմում է առնվազն 650 հազար եվրո։
Հոկտեմբերի վերջին խոշոր երկաթուղային աղետ է տեղի ունեցել նաև Իսպանիայում, որի հետևանքով զոհվել է մոտ 70 մարդ։