ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։
Եթե Ալիևը՝ աշխարհաքաղաքական «տիրոջ» փոփոխությունն ու սեփական պատմական հիշողությունից հրաժարումը ազատություն և օկուպացիայի հետ չհաշտվել է անվանում, ապա կամ ուրիշներից գողացված ու վերաշարադրված ադրբեջանական «պատմությունն է» սովորել, կամ ընդհանրապես չի ուսումնասիրել Հարավային Կովկասի ու Արևելյան Եվրոպայի պատմությունը։
Տարբեր առիթներով ռուս պատգամավորներին ասել եմ, որ Ադրբեջանի հետ ձեր չհիմնավորված վստահելի հարաբերություններն աշխատելու են հենց ձեր դեմ: Նույնը բազմիցս ասվել է Իսրայելի պաշտոնյաներին: Այսօր Ադրբեջանն արդեն հաթաթա է տալիս Իսրայելի պետությանը՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:
Ալիևը նաև դժգոհել է ԽՍՀՄ-ից, (որտեղ իր հայրը փոխվարչապետ է եղել), ասելով, որ Ադրբեջանն ուներ գաղութի կարգավիճակ և շահագործվում էին նրա ողջ նավթային ռեսուրսները: Այնինչ, այսօրվա Ադրբեջանի գոյության, որպես նավթ ու գազ արտահանող երկրի կարողությունների հիմքում ԽՍՀՄ հսկայածավալ ներդրումներն են եղել: Հենց ԽՍՀՄ-ն է հայկական Արցախն ու Նախիջևանը՝ առանց հիմնավորման նվիրել Ադրբեջանին: Իսկ Ալիևն այսօր բողոքում է ԽՍՀՄ-ից, ու ռուսներից ազատություն տենչում:
Չմոռանանք, որ XIX դարի վերջում և XX դարի սկզբին Բաքվի նավթարդյունաբերությունը զարգանում էր ռուսական և հայկական կապիտալի և միասնական շուկայի շնորհիվ։ Դրա շնորհիվ Բաքուն վերածվեց արդյունաբերական կենտրոնի, իսկ նավթը դարձավ տնտեսության կարևոր մասը։
Եթե դուրս գանք կարգախոսների շրջանակից, հետխորհրդային տարածքի ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Փոխըմբռնումը նվազագույնի է հասել, իսկ միասնության մասին խոսք անգամ չկա։
ԽՍՀՄ փլուզումից հետո և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, Ռուսաստանի բարեկամ երկրներ էին՝ հատկապես Հայաստանն իր ընդգծված դաշնակցային կեցվածքով։
Արցախյան պատերազմը, տնտեսության փոխկապվածությունը, անվտանգային խնդիրներն ու խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանին մղում էին ավելի սերտ հարաբերություններ ունենալ ՌԴ հետ:
Ի պատասխան՝ Մոսկվան փորձում էր «ոչ մեկին չնեղացնել» և Արցախյան հակամարտությունում, մինչև վերջ չաջակցեց կողմերից ոչ մեկին։ Արդյունքն ակնհայտ է. Արցախը հանձնվեց Ադրբեջանին, հայկական հասարակությունն իրեն լքված է զգում, Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսում է կոշտ լեզվով ու վերամբարձ տոնով, Իրանի դեմ տարվում է օղակաձև շրջափակման ու թուլացման պատերազմ, Թուրքիան ներխուժում է Հարավային Կովկաս՝ ձգտելով դեպի Միջին Ասիա…
Արդյունքում՝ տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր»։ Արցախի հարցում Ադրբեջանին շնորհավորելու դիմաց Ռուսաստանը ստիպված եղավ դուրս բերել իր խաղաղարար ուժերը, իսկ այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը: Իրանը ստացավ պատերազմ, որը դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի: Այսօր, Ադրբեջանի կողմից իրեն «քցված» է զգում նաև Իսրայելը: Վաղն այդպիսի վիճակում է լինելու նաև ԵՄ-ն:
Կարճ ժամանակում կյանքը ցույց տվեց, որ Հայկական Արցախը ձեռնտու էր բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից:
Ինչ վերաբերում է Եվրոպային, եթե նրանց թվում է, թե Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերելով նրանք որևէ շոշափելի բան են ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմից, ապա դա լինելու է երեք մատի կոմբինացիան: Շուշիում արված Ալիևի ելույթից հստակ երևում էր նաև այդ հատվածը, երբ նա խոսում էր Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած հարաբերություններից:
Այսօր Ալիևն իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն խորհուրդներ տալ Ուկրաինային և խոսել «օկուպացիայի» մասին՝ միաժամանակ օգտվելով ռուսական ռեսուրսներից և ներկայիս տնտեսական կապերից։ Սա ոչ թե առանձին դրվագ է, այլ ախտանիշ: Ռուսաստանում դեռ շարունակում են կրկնել «եղբայրական ժողովուրդների» մասին մանտրան և միաժամանակ զարմանալ, թե ինչո՞ւ են այդ «եղբայրները» այդքան հեշտ անցնում նրանց հակառակորդների կողմը։
Հարցը նաև այն է, թե Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ, այլ նաև նրանց, ովքեր տարիներ շարունակ հարաբերություններ են կառուցել՝ անտեսելով ու աչք փակելով ներկայիս քաղաքական իրողությունների վրա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: