Հայաստանում չկա որևէ ծանրակշիռ ընդդիմադիր ուժ, որի առաջնորդը կա՛մ կալանքի տակ չլինի, կա՛մ ազատությունը սահմանափակված չլինի, կա՛մ դատական պրոցեսի մեջ չլինի. «Փաստ»

Իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ նպատակ ունի ոչնչացնել, վերացնել ընդդիմադիր ուժերին: Իշխանության ղեկավարը բացեիբաց հայտարարել է, որ ցանկանում է «սպանել» ընդդիմադիր լիդերներին: Դա փորձում են հրամցնել որպես «կրքոտ հռետորություն», որպես «քաղաքական կարծիք» կամ այլ «մեղմող» փաթեթավորմամբ, բայց սպանելու, ոչնչացնելու մասին հրապարակավ հնչեցված սպառնալիքի էությունը դրանից չի փոխվում:

Ռեպրեսիաները կրում են համատարած և ընդհանուր բնույթ: Ու դա վերաբերում է ընդդիմադիր ուժերի ոչ միայն լիդերներին, ոչ միայն երկրորդ-երրորդ շարքի գործիչներին, ոչ միայն պարզ կուսակցականներին, այլև նրանց հետ որևէ կապ ունեցող ազգականներին, հարազատներին: Ավելին, վերջերս արձանագրվեց խայտառակ փաստ, երբ բարձրակարգ մանկաբարձ-գինեկոլոգին ռեպրեսիայի ենթարկեցին՝ զրկելով աշխատանքից, քանի որ նա… «թթու խոսք» էր ասել իր թևից քաշքշող Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանում չկա որևէ ծանրակշիռ ընդդիմադիր ուժ, որի առաջնորդը կա՛մ կալանքի տակ չլինի, կա՛մ ազատությունը սահմանափակված չլինի, կա՛մ դատական պրոցեսի մեջ չլինի: Գրեթե չկա որևէ նկատելի ընդդիմադիր քաղաքական ուժ, որի կազմից քաղաքական բանտարկյալ չլինի: Այլ կերպ ասած՝ ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների:

Ու նկատի չունենք այն, որ իշխանության կամայականությունների հետևանքով արդեն նաև արդյունաբերական ընկերությունների բազմաթիվ աշխատողներ էլ են տուժում՝ քաղաքական պատճառներով, այլ բռնաճնշումներն իսկապես էլ արդյունաբերական, կոնվեյերային մասշտաբներ են ստացել:

Իշխանությունը գործում է հետևյալ մոտեցմամբ. ինքն ունի ամեն ինչի իրավունք, մնացած բոլորը չունեն ոչ մի իրավունք: Այդպես են ձևավորվում բռնատիրական ռեժիմները: Դրան պետք է դիմակայել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment