Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

20.11.2026 | 13:32

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, հակադարձելով Տիգրան Աբրահամյանի պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականից ի վեր հնչեցրած խոստումները չեն իրականացվել, Factor TV-ի հարցին ի պատասխան պնդեց, որ վարչապետը երբեք չի խաբել ժողովրդին և հաճախ եղել է ավելի ուղիղ, քան քաղաքացիները կարող էին ակնկալել։

«Նախ՝ սուտ է ասում Տիգրան Աբրահամյանը։ Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել և երբեմն եղել է ավելի ուղիղ, քան մեր քաղաքացիները կարող էին ակնկալել։ Ամեն ճշմարտություն վարչապետն ասել է։ Եվ դրա համար շատ ավելի հաճախ թիրախավորվել է»,- ասաց Ղազարյանը:

Իշխանական պատգամավորը հիշեցրեց հետպատերազմյան շրջանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Շուշիի հարցը բանակցությունների առարկա է եղել։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ ընդդիմադիր գործիչներն ու արտգործնախարարության նախկին ներկայացուցիչները հերքում էին, որ նման հարց քննարկվել է, սակայն հետագայում «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած բանակցային նյութերը, ըստ պատգամավորի, ցույց տվեցին, որ Շուշիի հարցը քննարկվել է դեռևս 1990-ականների պատերազմից հետո։

Պատգամավորի խոսքով՝ վարչապետի առաջարկը՝ ընդդիմությանը մասնակցել Սահմանադրության փոփոխության շուրջ գործընթացին և հանրաքվեի միջոցով հարցը լուծել, շարունակում է ուժի մեջ մնալ։

«Վարչապետի առաջարկը մերժելը ի ցույց է դնում մի բան, որ ընդդիմությունը ինքն է խաբում ժողովրդին։ Իր նպատակը թերևս ամենևին մեր իշխանությունը հեռացնելը չէ, այլ տորպեդահարել խաղաղության գործընթացը»,- նշեց Ղազարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment