ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է.
«Գուցե մի քիչ էպիկ հնչի, բայց եկեք մի պահ միացնենք մեր երևակայությունն ու պատկերացնենք, թե օրերս Խուստուփ բարձրացած Նիկոլ Փաշինյանը հանկարծ հանդիպում է նույն լեռան գագաթին հավերժ հանգչող Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհին…
Նժդեհը երկար լուռ նայեց նրան։ Հետո հայացքը տարավ դեպի Սյունիքի լեռները։
Նժդեհ. Ասա՛, ինչո՞ւ ես եկել Խուստուփ։
Փաշինյան. Որովհետև սա մեր պատմության կարևոր խորհրդանիշներից է, եկել եմ հարգանքս մատուցելու։
Նժդեհ. Ինձ հարգելու համար լեռ չեն բարձրանում, այլ իմ գաղափարների բարձրությունն են հաղթահարում։
Մի պահ լռություն տիրեց։
Նժդեհ. Սահմաններն ավելի՞ ապահով են, քան ես թողել էի՝ կռվելով դրանց համար։
Փաշինյան. Խաղաղության դարաշրջան ենք կառուցում։
Նժդեհ. Ես սահմանի մասին հարցրեցի, ոչ թե կարգախոսի։
Նժդեհ. Իսկ Արցախը պահեցի՞ք։
Փաշինյան. Իրավիճակը շատ բարդ էր․ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական իրողությունները…
Նժդեհ. Պատմությունը պատճառները չի հիշում։ Հիշում է միայն, թե ով ինչ պահեց և ինչ կորցրեց։
Նժդեհը կրկին նայեց դեպի Սյունիքը։
Նժդեհ. Սյունիքը դեռ Հայաստանի պողպատե ողնա՞շարն է։
Փաշինյան. Սյունիքը ՀՀ ինքնիշխան տարածքն է։
Նժդեհ. Դա քարտեզային ստանդարտ պատասխան էր, իսկ ես պետության պատասխան էի սպասում։
Նժդեհ. Լսում եմ՝ աշխարհի մեծերը Սյունիքի մասին են բանակցում։ Ասում են՝ ճանապարհներ են գծում, քարտեզներ են բացում, պայմաններ են քննարկում։ Հայաստանն այդ սեղանի շուրջ որտե՞ղ է։
Փաշինյան. Մենք կառուցողական ենք, աշխատում ենք բոլորի հետ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։
Նժդեհ. Երբ տան ճակատագիրն օտարներն են քննարկում, տանտիրոջ կառուցողականությունը սովորաբար ապաշնորհություն է կոչվում։
Նժդեհ. Եթե վաղը որոշեն, թե Սյունիքով ով պիտի անցնի, ով պիտի վերահսկի, ով պիտի հրամայի… այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը ո՞ր մասում կլինի։
Փաշինյան. Հայաստանը կլինի խաղաղության խաչմերուկ։
Նժդեհը մեղմ ժպտաց։
Նժդեհ. Խաչմերուկները ճանապարհների հատման տեղ են, որդյա՛կ։ Պետությունները խաչմերուկ չեն լինում, ավելին՝ պետությունները կամ ճանապարհ են թելադրում, կամ դառնում են ուրիշների ճանապարհը։
Նժդեհ. Քանի՞ անգամ ես ասել «խաղաղություն»։
Փաշինյան. Շատ։
Նժդեհ. Իսկ «հաղթանակ»՝ քանի՞ անգամ։
Փաշինյանը լռեց։
Նժդեհ. Բառերն էլ են վիրավորվում, երբ դրանցից մեկը տարիներով մենակ է մնում։
Նժդեհ. Ասում են՝ ուզում ես նոր Հայաստան կառուցել։
Փաշինյան. Այո՛։
Նժդեհ. Նորը լավ է, երբ տունն ես նորոգում։ Եթե հիմքն ես քանդում, նոր տուն չես կառուցում։
Նժդեհ. Ասա՛, հայ երիտասարդին այսօր ի՞նչ ես սովորեցնում։
Փաշինյան. Որ կրթությունը նորաձև է։
Նժդեհ. Կրթությունը նորաձև չէ, այն ազգի ողնաշարն է, իսկ եթե ողնաշարը կոտրված է, նորաձևությունն արդեն ոչինչ չի փոխում։
Նժդեհ. Վերջին հարցս է։
Եթե վաղը պատմությունը քեզ դատի, ինչո՞վ ես պաշտպանվելու։
Փաշինյանը երկար լռեց։
Հետո սկսեց խոսել միջազգային իրավիճակից, աշխարհաքաղաքականությունից, նախորդ իշխանություններից, բարդ ժառանգությունից…
Նժդեհը չընդհատեց։
Միայն շրջվեց դեպի Արարատի կողմը, ապա հայացքը կրկին իջեցրեց Սյունիքի լեռներին ու կամաց ասաց.
— Պատմությունը երբեք չի դատում այն, ինչ քեզ խանգարել են անել։ Նա դատում է այն, ինչ դու արել ես… կամ թույլ ես տվել, որ կատարվի։
Քամին նորից անցավ Խուստուփի գագաթով։
Փաշինյանը բարձրացրեց գլուխը։
Դիմացը ոչ ոք չկար։
Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: