Հուլիսի 7-ին ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հանդբոլի միջազգային ֆեդերացիան (IHF) թույլատրել է, որ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները միջազգային մրցաշարերին մասնակցեն իրենց դրոշներով և օրհներգներով։ Լուրը հրապարակվել է կազմակերպության կայքում։
«IHF-ի խորհուրդը որոշել է համապատասխանեցնել իր դիրքորոշումը ՄՕԿ-ի վերջին առաջարկներին՝ անհապաղ վերացնելով 2022 թվականի մարտի 4-ին Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների, պաշտոնական այրերի, մրցավարների և փորձագետների մասնակցության արգելքը IHF միջոցառումներին և գործունեությանը», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
2022 թվականին Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներն ու ակումբները անորոշ ժամանակով հեռացվել էին միջազգային մրցաշարերից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ 2026 թվականի մարտին IHF-ի խորհուրդը որոշեց թույլատրել պատանեկան և երիտասարդական հավաքականներին մասնակցել մրցումներին։