Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռ ժամանակ կա որոշելու վերցնի՞ պատգամավորական մանդատը, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ նա Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորների ցուցակում է։
«Գաղտագողի ոչինչ չենք արել, չենք անելու, ինչ որ անելու ենք, ի ցույց Հայաստանի Հանրապետության, առաջնահերթ Գյումրի քաղաքի շահերից բխելով ենք անելու։ Այդ մասին հայտարարությամբ հանդես կգանք, անպայման կիմանաք։
Իմ ցանկությունը միակն է, որ Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ, օր առաջ միասնական, ուժեղ և հզոր դառնա»,-ասաց Ավետիս Առաքելյանը։
Նա նշեց, որ Գյումրու մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ չեն քննարկել իր մանդատ վերցնել-չվերցնելու հարցը, հետևաբար և չի քննարկվել նաև Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուի հարցը։
Ավետիս Առաքելյանը չի պատկերացնում, թե ինչ մեխանիզմով է Նիկոլ Փաշինյանը փորձելու Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ հաշվի չառնելով գյումրեցիների` ընդդիմադիր ուժերին տված 30 հազարից ավելի քվեները։
«Որոշակի տեղեկություններով, ուզում են ինչ-որ համայնքներ միացնել Գյումրուն, դա անընդունելի է։ Եթե ավելի խորը գնան, ընտրությունների տանեն, կարծում եմ՝ համապետական և քաղաքային ընտրությունները երբեք ու երբեք չպիտի շփոթել իրար հետ, որովհետև քաղաքի ընտրությունները միշտ էլ ուրիշ արդյունք են ցույց տալիս»,-ասում է Ավետիս Առաքելյանը։
Նա ասաց, որ պատգամավորական մանդատը վերցնելու հարցը դեռ չի քննարկել Վարդան Ղուկասյանի հետ, սպասում է, որ հուլիսի 17-ին արդար դատավճիռ կկայացնեն նրա նկատմամբ եւ Գյումրու համայնքապետը կվերադառնա ու կկառավարի Գյումրին։
Դիտարկմանն ի պատասխան, թե դուք խոցելի եք, որովհետև անցնում եք քրեական գործերով, հնարավո՞ր է հրաժարվեք թե՛ պատգամավորական մանդատից և թե՛ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից, Ավետիս Առաքելյանը կատակեց․ «Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներից սկսած՝ խոցելի են:
Մեր ուժի ղեկավարը՝ պարոն Սամվել Կարապետյանն էլ այսօր հետապնդման մեջ է գտնվում, անհարկի տնային կալանքի տակ է, բոլոր ընդդիմադիր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում, էդպես որ մտածենք, այսօր Ազգային ժողով մարդ չգնա՞»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: