«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» ձեռնարկության աշխատակիցները երրորդ օրն անընդմեջ ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանել կապարակնիքները և վերսկսել գործարանի աշխատանքը։ Ակցիայի ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Աշխատակիցները նախազգուշացրել են, որ իշխանություններից պատասխան չստանալու դեպքում կարող են անցնել ավելի վճռական քայլերի։ Նրանց խոսքով՝ ձեռնարկությունն արդեն տասներորդ օրն է՝ պարապուրդի է մատնված, սակայն պետական մարմինները մինչ այժմ չեն հայտնել, թե աշխատակիցները երբ կկարողանան վերադառնալ աշխատանքի։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ գործարանը աշխատակիցների եկամտի միակ աղբյուրն է։ Նրա խոսքով՝ աշխատակիցները աշխատավարձով վճարում են կոմունալները, ուսանողներ, տարեց և հիվանդ հարազատներ պահում, ինչպես նաև մարում վարկերը։
Աշխատակիցները մոտեցել են ձեռնարկության մոտ հավաքված ոստիկաններին և ընդգծել, որ խաղաղ ակցիա են իրականացնում և ճանապարհ չեն փակում։ Նրանք ուժայիններին խնդրել են օգնել պետական մարմիններից կոնկրետ պատասխան ստանալու հարցում։
Ոստիկանը հայտարարել է, որ աշխատակիցներն արդեն դիմել են համապատասխան մարմիններին և պատասխան կստանան։ Աշխատակիցներից մեկը հակադարձել է, որ մինչ այժմ իրենց որևէ պատասխան չի տրվել․ իշխանության ներկայացուցիչները միայն ասում են, թե ոչինչ չգիտեն, սակայն դա խնդիրը չի լուծում։
«Մեր տները վաճառե՞նք, ամեն ինչ թողնենք ու գնա՞նք այս երկրից։ Դա՞ են ուզում։ Մի մարդ չկա, որ գա և մեզ պատասխան տա, ասի՝ ինչ է կատարվում։ Պե՞տք է անպայման իջնենք կառավարության շենք։ Չեմ հասկանում՝ ինչու մենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չենք համարվում։ Մի՞թե ժողովրդավար երկրում չենք ապրում», – հարց են բարձրացրել աշխատակիցները։
Ակցիայի մասնակիցները պահանջել են հայտնել ձեռնարկության բացման հստակ ժամկետները։ Նրանց խոսքով՝ եթե գործարանը մոտ ժամանակներս չեն պատրաստվում վերաբացել, իշխանությունները պետք է ուղիղ ասեն այդ մասին, որպեսզի աշխատակիցները հասկանան՝ ինչպես գործել հետագայում։
Աշխատակիցներից մեկը ենթադրել է, որ Քննչական կոմիտեն կարող է կապ չունենալ ձեռնարկության փակման որոշման հետ։ Նրա կարծիքով՝ այդ որոշումը կայացրել է «մեկ մարդը»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ցանկանում է աշխատակիցներին թողնել առանց ապրուստի միջոցի՝ Ծառուկյանին աջակցելու պատճառով։
Աշխատակիցները հայտարարել են, որ պատրաստվում են պատասխանին սպասել ևս մեկ ժամ, որից հետո կարող են որոշում կայացնել հետագա քայլերի մասին։ Նրանք ընդգծել են, որ պահանջում են միայն բացել գործարանը և հնարավորություն տալ շարունակել աշխատանքը։
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի մի շարք ընկերությունների (այդ թվում՝ «Մուլտի Սթոուն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Գրանդ» հյուրանոց և «Փարավոն» համալիր) աշխատակիցները հուլիսի 13-ից բողոքի ակցիաներ են իրականացնում։ Նրանք պահանջում են իրավապահներից հանել կապարակնքված տարածքների արգելքը և թույլ տալ աշխատել՝ հայտնելով, որ անորոշության մեջ են։
Հուլիսի սկզբից կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո հուլիսի 11-ին կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը: