«Ավտորիտարիզմի վերջին օրինակը Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն էր»․ Արման Աբովյան

«Այն ոդիսականը, որն Արմեն Գրիգորյանի հետ տեղի էր ունեցել, բոլորիս աչքի առաջ էր։ Թերևս այն ժամանակ խոսում էինք, որ երկրում հաստատվում է հակահայկական ավտորիտար կառավարչական համակարգ»,- այսօր հասարակական, քաղաքական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան տարելիցի առիթով կազմակերպված «Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Ըստ նրա՝ ավտորիտարիզմի վերջին օրինակը Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն էր,  որը պարունակում է ավտորիտարիզմի բոլոր տարրերը․ «Ավտորիտարիզմի տակ նկատի ունենք իրավիճակ, երբ մենք բոլորս սահմանափակված ենք մեր կարծիքը հայտնել, նույնիսկ սոցցանցերում լայք դնել, երբ մարդկանց հանում են աշխատանքից։ Երբ դու դուրս ես ընկնում այն գծից, որը ՀՀ իշխանություններին թելադրված է արտաքին ուժերի կողմից, դու դառնում ես իշխանությունների համար թշնամի։ Ավտորիտարիզմը մնում է կարճաժամկետ առումով արդյունավետ կառավարչական համակարգ, բայց ոչ ի բարօրություն ժողովրդի։ Այսօր ՀՀ-ում ձևավորվել է «նեոթուրքական փաշիզմ»։ Դա ենթադրում է մի բան՝ պարտավոր ես ենթարկվել այն ընդհանուր գծին, որը մատնանշում է իշխանությունը, եթե դուրս ընկար, անմիջապես ենթարկվում ես հետապնդումների։ Արմեն Գրիգորյանի օրինակն ամենահնչունն էր։ Առաջին զոհը «նեոթուրքական փաշիզմի» Արմենն էր»։

Արման Աբովյանը ցավով նշեց, որ կա մարդկանց խումբ, որը «հիմնավորում է թուրքից ու ադրբեջանցուց ուժեղ, թե ինչի պետք է ոչնչացվեր Արցախը, ինչի պիտի մոռանանք Արարատը, պետական, ազգային առաջնահերթությունները ինչի պիտի դնենք թուրքական զոհասեղանին։ Մեզ փորձում են համոզել այդ մարդիկ, որ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարել պետություն ունենալու համար։ Սա է ամենաուղիղ ավտորիտարիզմի արտահայտումը։ Ավտորիտարիզմի հիմնական ուժը վախն է»։

«Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment