Յոթ տարվա աշխատանքից հետո Աղավնաձորում բացվեց Սուրբ Աննա եկեղեցին
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Ռոմիկ Սարգսյանն այսօր բացեց գյուղի առաջին օծված՝ Սուրբ Աննա եկեղեցու դռները։
Եկեղեցու կառուցումը տևել է յոթ տարի։ Կառուցապատողի՝ Ռոմիկ Սարգսյանի խոսքով՝ 2019 թվականից ի վեր, ամառ թե ձմեռ, աշխատել է։ Իսկ այսօր արդեն տեսանելի են այդ աշխատանքի արդյունքները. եկեղեցու գմբեթին խաչն է, ներսում էլ աղոթք է հնչում։
«Երբ սկսեցի այս նախաձեռնությունը, կողքիս այն նույն մարդիկ էին, որոնք այսօր էլ այստեղ ներկա են՝ ընտանիքս, ընկերներս», – ասում է Ռոմիկ Սարգսյանը։
Ռոմիկ Սարգսյանն ասում է, որ եկեղեցի կառուցելով պարզապես ցանկացել է իր սերն արտահայտել հայրենի գյուղի, հայրենի հողի և Աստծո հանդեպ։
«Երբեք չեմ զգացել, որ միայնակ եմ այս ճանապարհին։ Չեմ հոգնել, նույնիսկ երբ մի ձեռքով քարն էի պահում, մյուսով՝ աշխատում։ Երբեք չեմ մտածել, որ դժվարություն եմ քաշում», – պատմում է նա։
Սակայն նրա մայրը հիշում է, որ ճանապարհն ամենևին էլ հեշտ չի եղել։ Որդին ոչ ոքի վրա հույս չի դրել, յոթ տարի անձրևի ու արևի տակ աշխատել է, քարերը սեփական ուժերով բարձրացրել ու տեղադրել։
«Մի քարը դնում էր թևի տակ, աստիճաններով բարձրանում էր, իսկ դույլը կողքից էր կախում։ Շատ դժվար էր տեսնել, թե ինչ տանջանքով է աշխատում», – ասում է նա։
Բացման արարողությանը ներկա էին հոգեւորականներ, Հրազդանի համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարութունյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավար Մակիչ Դանիելյանը, գյուղի բնակիչներն ու Սարգսյան ընտանիքի բարեկամները։