Թանդիլյանը ահազանգում է հայ գերիների վիճակի մասին․ «Նրանք շարունակում են պայքարել ապրելու համար»

 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը գրել է․

 

«Բաքվի բանտում, մենակության մեջ, կյանքի համար պայքարում է Լյուդվիգ Մկրտչյանը։ Փաստաբան Լուսիանա Մինասյանն է ահազանգում։

 

Իսկ մենք այսօր նույնիսկ հստակ տեղեկություն չունենք, թե ինչ վիճակում են գտնվում մեր առնվազն 19 գերիները։ Մենք չգիտենք՝ ինչի միջով են անցնում նրանք, ինչ առողջական վիճակում են, ինչ պայմաններում են պահվում։

 

Վտանգված են այդ մարդկանց կյանքն ու առողջությունը, և դա մնալու է բոլոր նրանց խղճին, ովքեր կարող են նպաստել գերիների վերադարձին կամ գոնե տեղեկություններ ստանալ նրանց վիճակի մասին, բայց չեն անում։ Բոլոր նրանց, ովքեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են ամենատարբեր հարցեր, սակայն չեն խոսում այդ մարդկանց ճակատագրի մասին։

 

Իսկ գերիների ճակատագիրն անձնական հարց չէ, քաղաքական հարց էլ չէ։ Սա մեր ազգային արժանապատվության հարցն է։ Չեմ ուզում հավատալ, որ մենք վերջնականապես կորցնում ենք մեկս մյուսի ցավով ապրելու զգացումը։ Չեմ ուզում հավատալ, որ կարող ենք սովորել մեր գերիների մասին մոռանալ, մինչ նրանք ադրբեջանական բանտերում շարունակում են պայքարել ապրելու համար։

 

Անտարբեր մի՛ եղեք։ Բարձրաձայնե՛ք, պահանջե՛ք, հիշեցրե՛ք։ Մեր հայրենակիցները չպետք է մնան մենակ։ Նրանց հետ տեղի ունեցող կամ հնարավոր ցանկացած դժբախտություն ծանրանալու է բոլորիս խղճին»։

Leave a comment