«Ցավոք, նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը միանշանակորեն չի դրսևորվում ԵՄ քաղաքական վարքագծում, և մենք Ադրբեջանի վրա բավարար ճնշում չենք տեսնում Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից»,- Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը թեմայով» քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։
Նա իր ու իրենց ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց այս քննարկման կազմակերպման համար և հույս հայտեց, որ այն կնպաստի հայ ռազմագերիների խնդրի հավելյալ միջազգայնացմանը։
Արմեն Իշխանյանը փաստեց՝1990-ականներից իր հայրն ու այժմ Ադրբեջանում պահվող մյուս գերիները պայքարում էին ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար․ «Հենց այդ նույն տարիներին Եվրոպական խորհրդարանը մի քանի անգամ ընդունել է ինքնորոշման իրավունքը՝ որպես անօտարելի իրավունք և համերաշխություն հայտնել արցախահայության պայքարին»։
Այնուհետև ցավով արձանագրեց՝ փաստորեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար պայքարող մարդիկ պատժվում են։ Նաև փաստեց՝ գրեթե բոլոր խաղաղ համաձայնագրերն աշխարհում հանգեցրել են առաջին հերթին ռազմագերիների ազատ արձակմանը, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից։
Արմեն Իշխանյանը նշեց՝ 2023-ին Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից, շրջափակումից հետո իրենց ընտանիքը տեղափոխվեց ՀՀ․ «Հայրս մեզ հետ չեկավ, քանի որ իբրև պետական պաշտոնյա պատասխանատվություն էր կրում ապահովել քաղաքացիական բնակչության տեղափոխումը և դրանից հետո մեկնել ՀՀ։ Հոկտեմբերի 3-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ այդ թվում հորս։ Ձերբակալվելուց միայն տասն օր անց ենք ստացել առաջին տեղեկությունները հորիցս։ Այս ընթացքում այժմ մեր ընտանիքն անցնում է հոգեբանական աննկարագրելի ապրումների միջով։ Մեր տանը հորս սպասում է մայրս, քույրս, եղբայրս, հորս թոռնիկները։ Մի քանի օր առաջ աղջկաս ծննդյան օրն էր։ Երբ հարցրինք՝ ինչ նվեր է ուզում, ասաց, որ ուզում է պապիկը վերադառնա տուն»։
Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը թեմայով» քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: